Չկառուցված Երեւան՝ Հյուրանոց Դալմայի այգիներում - Mediamax.am

exclusive
5566 դիտում

Չկառուցված Երեւան՝ Հյուրանոց Դալմայի այգիներում


Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից


Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ Երեւանը, եթե կյանքի կոչվեին անվանի ճարտարապետների կողմից վերջին տասնամյակների ընթացքում նախագծված շենքերն ու պողոտաները, կրթական եւ մշակութային հաստատությունները, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ մնացին գծագրերի, էսքիզների եւ մանրակերտերի տեսքով:

 

«Չկառուցված Երեւան»` այսպես է կոչվում Մեդիամաքսի նոր հատուկ նախագիծը, որի «հերոսները» չկառուցված շինություններն են: Ներկայացնելով դրանք, չենք փորձում քննարկել նախագծերի արժանիքներն ու հնարավոր թերությունները: Պարզապես ընթերցողներին առաջարկում ենք պատկերացնել՝ թե ինչպիսի՞ն կլիներ Երեւանը այդ շինությունների առկայության դեպքում:

 

Նախագծի անվանումը` Հյուրանոց Երեւանում

Ստեղծման տարեթիվը` 1990-ականների սկիզբ

Նախագծի հեղինակ` Հրաչ Պողոսյան, Տիգրան Պողոսյան

Ինչո՞ւ չկառուցվեց` հողհատկացում չունենալու պատճառով

 

Հյուրանոցը գտնվելու էր ներկայիս «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրային համալիրի

տարածքում: Հեղինակների ընտրությունը կանգ էր առել այս տեղանքի վրա, քանի որ հեռու լինելով քաղաքի աղմուկից, այն միաժամանակ շատ մոտ է կենտրոնին: Բացի այդ, այստեղից հրաշալի տեսարաններ են բացվում դեպի Երեւանի կենտրոնը, Արարատ եւ Արագած լեռները:

 

Հյուրանոցը կազմված էր լինելու չորս գլանաձեւ մասնաշենքերից` միավորված հինգերորդ շրջանաձեւ ատրիումով, որտեղ տեղավորվելու էին ռեստորանն ու սպասարկման մյուս սրահները: Ատրիումը ամփոփված էր լինելու գմբեթով:

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Հյուրանոցի պատերը ապակեպատ էին լինելու: Հյուրանոցի տարածքում լինելու էր մեծ լողավազան, ժամանցի եւ զվարճանքի այլ վայրեր:

 

Պատմում է Հրաչ Պողոսյանը

 

«Մութ ու ցուրտ» տարիներն էին. ոչ աշխատանք կար, ոչ էլ զբաղմունք: Ես ու որդիս` Տիգրանը, սկսեցինք մտածել` ի՞նչ պետք կգա քաղաքին, երբ այս ծանր շրջանն ավարտվի: Քանի որ Երեւանում բարձրակարգ հյուրանոցների պակաս կար, սկսեցինք 5 աստղանի հյուրանոցի նախագծման աշխատանքները:

 

Հյուրանոցի բիզնես պլանը կազմել էինք Բելգիայից հրավիրված մասնագետի հետ եւ այնտեղ հստակ ցուցադրված էր, թե քանի տարում հյուրանոցը կկարողանար շահույթ գրանցել: Արտասահմանաբնակ ընկերներիս ու ծանոթներիս օգնությամբ գտնվել էր ներդրող, ով պատրաստ էր 40 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել հյուրանոցի կառուցման համար:

 

Բացի այդ, դիմել էինք մի քանի արտասահմանյան հյուրանոցային ցանցերի (Hilton, Golden Tulip, Hyatt)`հյուրանոցը ապագայում շահագործելու  առաջարկով: Hilton-ից պատասխանեցին, որ Հայաստանում հյուրանոց շահագործելու հետաքրքրություն չունեն, բայց մի քանի հայտնի ընկերություններ համաձայնեցին համագործակցել՝ հողահատկացում ունենալու դեպքում:

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հողհատկացումն արեց: Սակայն մինչ մենք կսկսեինք աշխատանքները, հողհատկացման ժամկետն ավարտվեց: Դիմեցինք Երեւանի հաջորդ քաղաքապետ Վանո Սիրադեղյանին, նախագիծը նրան շատ հետաքրքրեց, սակայն նա չհասցրեց ձեւակերպել հողհատկացումը մինչ իր պաշտոնաթողությունը: Հետագայում բազմիցս դիմեցինք Երեւանի մյուս քաղաքապետներին, բայց  հողհատկացում այդպես էլ չեղավ:

 

Տարածքի բարելավման մրցույթ

 

Այս ընթացքում եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. Մարզահամերգային համալիրից մինչեւ Հրազդան մարզադաշտ ընկած տարածքի բարելավման մրցույթ հայտարարվեց:

 

Որոշեցինք աշխատել նաեւ այդ տարածքի բարելավման ծրագրի վրա: Մեր նախագծի համաձայն, հյուրանոցի դիմացի հատվածում մեծ առեւտրի կենտրոն էր կառուցվելու, Լենինգրադյան փողոց տանող տարածքում՝ ջրաշխարհ, նախատեսում էինք նաեւ տարածքում կառուցել բացօթյա ամֆիթատրոն մոտ 20 հազար հանդիսականի համար: Դահլիճների առումով Երեւանը շատ մեծ խնդիր ունի. միլիոնանոց մայրաքաղաքը չի կարող ընդամենը մի քանի համերգասրահ ունենալ:

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Հրազդան մարզադաշտի դիմացի տարածքում 1/10 մասշտաբով իրականացնելու էինք Երեւանի հատակագիծը, որի վրա տեղադրվելու էին քաղաքի համար խորհրդանիշ դարձած լավագույն կառույցները:

 

«Դալմա Գարդեն Մոլ»

 

Հյուրանոցի համար նախատեսված տարածքում այսօր Հայաստանի տարածքում ամենամեծ «Դալմա Գարդեն Մոլ»  առեւտրի կենտրոնն է: Համալիրի կառուցումը սկսվեց 2008 թվականից եւ ավարտվեց 2012 թվականի հոկտեմբերին: Կառույցի ճարտարապետն է Հովհաննես Մութաֆյանը:

Լուսանկարը` Հ.Պողոսյանի արխիվից

Առեւտրի կենտրոնը պաշտոնապես բացվեց 2012 թվականի հոկտեմբերի 20-ին:

Այստեղ գործում են խանութներ, սրճարաններ, սուպերմարկետ, կինոթատրոն, երեխաների զվարճանքի կենտրոն:

 

Մարիամ Մանոյան, Լենա Գեւորգյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին