Չկառուցված Երեւան. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքը - Mediamax.am

exclusive
8723 դիտում

Չկառուցված Երեւան. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքը


ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի մանրակերտը
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի մանրակերտը

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից


Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ Երեւանը, եթե կյանքի կոչվեին անվանի ճարտարապետների կողմից վերջին տասնամյակների ընթացքում նախագծված շենքերն ու պողոտաները, կրթական եւ մշակութային հաստատությունները, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ մնացին գծագրերի, էսքիզների եւ մանրակերտերի տեսքով:

 

«Չկառուցված Երեւան»` այսպես է կոչվում Մեդիամաքսի նոր հատուկ նախագիծը, որի «հերոսները» չկառուցված շինություններն են: Ներկայացնելով դրանք, չենք փորձելու քննարկել նախագծերի արժանիքներն ու հնարավոր թերությունները: Պարզապես ընթերցողներին առաջարկում ենք պատկերացնել՝ թե ինչպիսի՞ն կլիներ Երեւանը այդ շինությունների առկայության դեպքում:

 

Նախագծի անվանումը` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքը

 

Ստեղծման տարեթիվը` 1969 թվական

 

Ճարտարապետ` Մարկ Գրիգորյան

 

Ինչո՞ւ չկառուցվեց` ֆինանսավորման բացակայության պատճառով

 

ԽՍՀՄ-ում Գերագույն խորհուրդը համարվում էր պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմին, սակայն իրականում ֆորմալ բնույթ էր կրում:

 

1970-ականներին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնական նստավայր չուներ: Խորհրդի նիստերը տեղի էին ունենում Մելիք Ադամյան 2 հասցեում: Գերագույն խորհուրդն ուներ նաեւ ընդունելության դահլիճ՝ Բաղրամյան 26 հասցեում:

 

Ի վերջո, Հայաստանի ղեկավարությունը որոշեց, որ պետք է մի շենք կառուցվի, որը Գերագույն խորհրդի պաշտոնական նստավայրը կհանդիսանա: Շենքի նախագծումը վստահվեց վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանին: Շենքը բարձրանալու էր Պռոշյան-Դեմիրճյան փողոցների անկյունում` բլրի վրա:

 

Պատմում է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը

 

1960-70-ականներին ճարտարապետության մեջ ազգայինը հստակեցնելու եւ որոշակի դարձնելու խնդիր առաջացավ: Պատճառը միայն այն չէր, որ ճարտարապետներն ազգասեր էին՝ սոցիալիստական ռեալիզմի գաղափարը ենթադրում էր, որ կառույցները պետք է ձեւով ազգային լինեին, իսկ բովանդակությամբ՝ սոցիալիստական: Այդ շրջանի հայ ճարտարապետները փորձում էին համադրել նոր մեթոդները, նոր նյութերի օգտագործումն ու նոր ձեւերը ազգայինի հետ:

 

Ժամանակի հիմնական միտումը կառույցները տուֆով ծածկելն էր: Տուֆը յուրօրինակ ազգային շունչ էր հաղորդում շենքերին՝ Երեւանը «վարդագույն քաղաք» դարձնելով:

 

Ճարտարապետները նաեւ փորձում էին ազգայինի գաղափարը տեսնել տարբեր տեսակի կամարների եւ սյուների մեջ:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

Ազգային էին համարվում պայտաձեւ կամարները: Այդպիսին են կամարները, որ զարդարում են կառավարության երկրորդ շենքը: Հետագայում Ռաֆայել Իսրայելյանը պայտաձեւ կամարներ օգտագործեց Սարդարապատի թանգարանի նախագծում: Պապիկս էլ էր մտածում կամարների եւ նրանց միջոցով ազգայինը արտահայտելու մասին: 70-ականների սկզբին նա կառուցեց ներկայիս Սահմանադրական դատարանի շենքը, բացի այդ, ներկայիս Ամերիկյան համալսարանի շենքն էլ նմանատիպ ոճ եւ սյուների ռիթմ ունի:

 

Ազգային ճարտարապետության ձեւերից մեկն էլ կրկնակի սյուներն էին: Եթե ուշադրություն դարձնեք երեւանյան շենքերին, նրանց մեծ մասի վրա երկու սյուները կանգնած են ընդհանուր հիմքի վրա եւ ունեն մի ընդհանուր խոյակ: Օպերայի շենքի երկրորդ հարկի սյուները, ինչպես նաեւ Կառավարության շենքի սյուներն այս օրինաչափության վառ ապացույցն են:

 

… Գերագույն խորհրդի նոր շենքը հարկ առ հարկ բոլոր նախագծային տարրերով պատրաստ էր, բայց այդպես էլ մնաց թղթի վրա: Երիտասարդ ճարտարապետների համար այնքան էլ մեծ խնդիր չէ, երբ նախագծած շինությունները չեն կառուցվում, քանի որ նրանք դեռ պետք է երկար ճանապարհ անցնեն, գտնեն իրենց ոճը եւ հաստատվեն, բայց նույնը չի կարելի ասել 60-ականներին արդեն մեծավաստակ ճարտարապետի մասին, ինչպիսին էր Մարկ Գրիգորյանը:

 

1937-55 թթ. նա Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, եւ նրա նախագծած շենքերը հիմնականում կառուցվում էին: Հետո եկավ ճարտարապետների նոր սերունդը: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր պապիկս ցավում ներկայիս Ամերիկյան համալսարանի շենքի համար: Շենքի կառուցումը բավականին ձգձգվեց ֆինանսավորում չգտնելու պատճառով: Պապիկս մահացավ` այդպես էլ չտեսնելով ավարտուն շենքը:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի շենքի էսքիզը

Լուսանկարը` Մարկ Գրիգորյանի արխիվից

Միակ շենքը, որը կառուցելիս պապիկս կարողացավ հավատարիմ մնալ իր սկզբնական նախագծին, Մատենադարանն էր: Միայն թե սկզբնական նախագծով ենթադրվում էր, որ Մատենադարանի առջեւ պետք է դրված լինեն Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի արձանները, սակայն Սահակ Պարթեւը կաթողիկոս էր, եւ իշխանությունները մերժեցին այդ առաջարկը: Հետագայում այդ արձանը տեղադրվեց Երեւանի պետական համալսարանի առջեւ:

 

Մարիամ Մանոյան, Լենա Գեւորգյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին