Չկառուցված Երեւան՝ Գեղագիտության կենտրոն - Mediamax.am

exclusive
6242 դիտում

Չկառուցված Երեւան՝ Գեղագիտության կենտրոն


Հրաչ Պողոսյանի էսքիզներից
Հրաչ Պողոսյանի էսքիզներից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Հրաչ Պողոսյանի էսքիզներից
Հրաչ Պողոսյանի էսքիզներից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Հրաչ Պողոսյանի էսքիզներից
Հրաչ Պողոսյանի էսքիզներից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

«Գլաձոր» կառավարման համալսարանի շենքը
«Գլաձոր» կառավարման համալսարանի շենքը

Լուսանկարը` new.gladzor.am

Երևանի «Մոսկվայի Տուն»-ը
Երևանի «Մոսկվայի Տուն»-ը

Լուսանկարը` rusinarm.com


Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ Երեւանը, եթե կյանքի կոչվեին անվանի ճարտարապետների կողմից վերջին տասնամյակների ընթացքում նախագծված շենքերն ու պողոտաները, կրթական եւ մշակութային հաստատությունները, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ մնացին գծագրերի, էսքիզների եւ մանրակերտերի տեսքով:

«Չկառուցված Երեւան»` այսպես է կոչվում Մեդիամաքսի նոր հատուկ նախագիծը, որի «հերոսները» չկառուցված շինություններն են: Ներկայացնելով դրանք, չենք փորձելու քննարկել նախագծերի արժանիքներն ու հնարավոր թերությունները: Պարզապես ընթերցողներին առաջարկում ենք պատկերացնել՝ թե ինչպիսի՞ն կլիներ Երեւանը այդ շինությունների առկայության դեպքում:

 

Նախագծի անվանումը` Գեղագիտության կենտրոն

 

Նախագծի ստեղծման տարեթիվը`1987 թվական

 

Նախագծի հեղինակ` Հրաչ Պողոսյան

 

Ինչո՞ւ չկառուցվեց` նախագիծը չիրականացավ 1980-ական թվականների վերջերին սկսված ճգնաժամի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառով:

 

1970 թվականի մարտի 13-ին Երեւանի Աբովյան փողոցի N 13 շենքում բացվեց Մանկական պատկերասրահը, որը հիմք ծառայեց Գեղագիտության կենտրոնի ստեղծման համար, որը բացվեց 1980 թվականին: Հենրիկ Իգիթյանի ղեկավարած կենտրոնը հայտնի դարձավ ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ նրա սահմաններից դուրս:

 

Հենրիկ Իգիթյանի ցանկությունն ու նպատակն էր ընդլայնել ու զարգացնել կենտրոնը` արվեստի բոլոր ճյուղերը հավաքելով մեկ հարկի տակ: Երեւանի քաղաքապետարանի այժմյան շենքի դիմաց գեղագիտության նոր կենտրոն կառուցելու համար տեղ հատկացվեց:

 

Նախատեսվում էր, որ արվեստի բոլոր ճյուղերը լիարժեք ներկայանալու հնարավորություն էին ունենալու` թատերական արվեստի բաժինը բեմ էր ունենալու, երաժշտական մասը` համերգասրահ: Նկարիչների, քանդակագործերի համար կառուցվելիք ցուցասրահները նաեւ միջանցքի դեր էին կատարելու` դահլիճ, կամ թատերաբեմ եկող այցելուն հնարավորություն էր ունենալու անցնել սրահով ու ծանոթանալ քանդակներին եւ կտավներին:

Հրաչ Պողոսյանի էսքիզներից Հրաչ Պողոսյանի էսքիզներից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Թատերական հատվածում կառուցվելու էր 400 տեղանոց դահլիճ: Այստեղ էին գտնվելու նաեւ փորձերի համար նախատեսված սրահները, հանդերձարանները, պարասրահները: Երաժշտական հատվածում էին գտնվելու դասասենյակները, նվագախմբի փորձատեղին եւ դահլիճը:  Շենքի տանիքին նկարիչների համար բացօթյա տարածքներ էին ստեղծվելու:

 

Այդ տարիներին Երեւանի քաղաքապետարանի շենքի կառուցման նախագիծն արդեն պատրաստ էր: Գեղագիտության կենտրոնի շենքի բարձրությունը համապատասխանելու էր քաղաքապետարանի շենքի բարձրությանն ու լրացնելու էր հրապարակը:

 

1982-1989 թթ. Երեւանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ Մոսկվան Երեւանի զարգացման հատուկ որոշում էր կայացրել, եւ մշակութային կենտրոնի կառուցումը այդ որոշմանը կից ցանկում էր ներառված:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Պատմում է նախագծի հեղինակ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը

 

Հենրիկ Իգիթյանի հետ երկար նստում ու քննարկում էինք, թե ինչ է ուզում, ինչպես է պատկերացնում: Մենք վաղեմի ընկերներ էինք ու աշխատանքը հեշտ էր ընթանում: Նա պատմում էր, թե ինչպիսի կենտրոն է ուզում, ես էլ իր մտքերը վերածում էի  առաջադրանքային նախագծի:

 

Նպատակը մեկն էր` հավաքագրել արվեստի բոլոր տեսակները մի վայրում: Կարեւոր գործոններից մեկն այն էր, որ այստեղ սովորելու էին նաեւ մարզերից ժամանած երեխաները:

 

Այդ տարածքը խնդիր ունի՝ այնտեղ գրունտային ճեղքվածք կա: Դրա պատճառով կառույցը երկու մասի էինք բաժանել ու ճեղքվածքի հատվածում տեղադրել բացօթյա ատրիում, որը դուրս էր գալիս դեպի հրապարակ` ծառայելով որպես կենտրոնի մուտք: Այդ մասում ցուցադրվելու էին քանդակները ու հենց այդ հատվածից անցորդները աջ ու ձախ կողմերում կտեսնեին համերգային դահլիճը, ամֆիթատրոնը, ցուցասրահները:

Հրաչ Պողոսյանի էսքիզներից Հրաչ Պողոսյանի էսքիզներից

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից

Էսքիզները պարբերաբար քննարկում էի Իգիթյանի հետ, արդեն ընտրել էինք վերջնական տարբերակը: Նա շատ էր սիրում նախագիծը, շատ էր ուզում, որ այն իրականություն դառնա: Բայց դժվար տարիներ սկսվեցին` երկրաշարժ, սովետական կարգերի փլուզում, ու նախագիծը մնաց թղթի վրա, չնայած որ հողահատկացումն արդեն արված էր:

 

Կարեն Դեմիրճյանն իր հավանությունը տվել էր նախագծին եւ մեծ ուշադրությամբ հետեւում էր աշխատանքին: Գործող էսթետիկական կենտրոնն արդեն մեծ համբավ էր վայելում, Իգիթյանը հայտնի էր նաեւ արտասահմանում եւ Դեմիրճյանը վտահ էր, որ զարգացնելով այս կենտրոնը՝ մեծ հեռանկարներ կունենանք:

 

Շատ եմ ցավում, որ այս կենտրոնը իրականություն չդարձավ: Ցավում եմ նաեւ, որ աղճատվեց տարածքի հարակից հրապարակը, որի կոնֆիգուրացիան փոխվեց՝ եռանկյունաձեւ դառնալով:

 

Տարածքն այսօր

 

Գեղագիտության ազգային կենտրոնի փոխարեն տարածքում կառուցվել են «Մոսկվայի տունը» եւ «Գլաձոր» կառավարման համալսարանը:

 

«Մոսկվայի տունը» պաշտոնապես բացվել է 2007 թվականի ապրիլի 1-ին: Կառույցի ճարտարապետը Լեւոն Վարդանյանն է: Կենտրոնը տարբեր միջոցառումներ է կազմակերպում, այստեղ նաեւ գործում են հյուրանոց, ռեստորան եւ խանութներ:

«Գլաձոր» կառավարման համալսարանի շենքը «Գլաձոր» կառավարման համալսարանի շենքը

Լուսանկարը` new.gladzor.am

1990 թվականին հիմնադրված «Գլաձոր» կառավարման համալսարանը 2001 թվականի հուլիսին տեղափոխվեց տարածքում գտնվող իր նորակառույց  շենքը:

 

Մարիամ Մանոյան, Լենա Գեւորգյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին