Նամակ Երեւանից․ Օտարացած քաղաքի խաչմերուկը - Mediamax.am

274 դիտում

Նամակ Երեւանից․ Օտարացած քաղաքի խաչմերուկը


Լուսանկարը` Olivier Gautron


85-ամյա պարոն Բագրատը դանդաղ ավարտում էր նախաճաշը։ Ամեն առավոտ՝ ժամը 10։00-ից, երբ ընտանիքի կրտսեր անդամները շտապում են աշխատանքի, նա, առօրյա զբաղվածության թվացյալ վազքից հետ չմնալով, հագնվում է ու լուրջ դեմքի արտահայտությամբ դուրս գալիս զբոսնելու։ Միշտ կոկիկ է հագնվում՝ թարմ լվացած ու արդուկված ամառային վերնաշապիկ, մաս մաքուր կոշիկներ։ Ամառային գլխարկը, արեւային ակնոցներն ու ձեռնափայտը պատրաստ սպասում են միջանցքի պահարանի մոտ։

 

Դուրս գալով Տերյան փողոցի բնակարանից՝ անցնում է ավանդական երթուղով՝ Տերյան-Սայաթ-Նովա խաչմերուկ, Թումանյան փողոց, կարճ կանգառ Կարապի լճի նստարաններից մեկի մոտ։ Այնտեղ նստում է մինչեւ կեսօրի արեւը կսկսի թեթեւ այրել մաշկը, իսկ հետո Թումանյան փողոցով առաջանում է դեպի Մաշտոցի պողոտա։ Կարճ դադար է առնում «Մեղեդի» սրճարանում, որտեղ իր շատ տարեկիցներ են գալիս՝ մի բաժակ սուրճ խմելու, քաղաքական անցուդարձը քննարկելու։ Բուռն քննարկումներին երկար չի մասնակցում, կես ժամ անց քայլում է պրոսպեկտով, թեքվում Սայաթ-Նովա եւ վերադառնում է Տերյան փողոցի իր բնակարանը։ Այս երթուղին անցնելու արագությունը մեծապես կախված է պարոն Բագրատի տվյալ օրվա տրամադրությունից, ինքնազգացողությունից, հիշողությունների բեռի ծանր կամ թեթեւ լինելուց։

 

Շուրջ հինգ տարի առավոտյան նա զբոսանքի դուրս է գալիս միայնակ։ Քովիդի տարում կորցրեց իր կյանքի բոլոր զբոսանքների հավատարիմ ընկերոջը՝ Աստղիկին։ Տիկնոջ հետ իր զբոսանքներն անհամեմատ ավելի հետաքրքիր էին անցնում, ուղեկցվում հումորով, հոգատարությամբ, երբեմն էլ երկու մեծահասակների մանկական նեղացկոտության ու վիճաբանության պահերով։ Երեւի հենց դա էլ մի ուրիշ հմայք էր հաղորդում ամենօրյա զբոսանքներին։ Հինգ տարի է անցել, եւ զբոսանքներն առաջվա պես ուրախ չեն անցնում։ Քայլելիս պարոն Բագրատը հաճախ է մենակ մնում իր մտքերի ու հիշողությունների հետ, նայում անցորդներին, համեմատություններ անում իր երիտասարդ տարիների Երեւանի ու նոր քաղաքի միջեւ։ Իր ընկերներից շատերն արդեն չկան, երեխաներն ու թոռները մեծացել են, զբաղված մարդիկ են։  Իր հարազատ փողոցների ու պողոտաների անունները թեեւ նույն են, բայց քաղաքն էլ էր փոխվել, մարդիկ էլ։ Իր սիրելի կենտրոնն այնքան աղմկոտ է, որ այլեւս դժվարությամբ է լսում  ծանոթների խոսակցությունները։ Օդն այնքան կեղտոտ է, որ իր մաս մաքուր վերնաշապիկը մի քանի ժամ հետո ենթակա է լվացքի, իսկ դեմքի վրա շոշափում է նախորդ երեկոյի քամու բերած շինարարական փոշին։ Ամռան շոգ օրերին, հենց այդ մեծ շինհրապարակների պատճառով պարոն Բագրատը ստիպված պատուհան չի բացում։ Զբոսնելիս հաճախ է ճանապարհը փոխում կամ ձեռնափայտով հարվածում անցորդներին․ քաղաքի մայթերը շատ նեղ են դարձել, զավթվել են սրճարանների կողմից։ 

 

Հուլիսյան այդ առավոտ նա դուրս եկավ տանից սովորականից ավելի հոռետեսական տրամադրությամբ, որն էլ ավելի փչացրեց խաչմերուկն անցնող մեքենայի բարձր ազդանշանը։ Պարոն Բագրատն անգամ հեռավար մենամարտի մտավ անհամբեր վարորդի հետ, որը մեքենայի պատուհանից բղավում էր փողոցն անցնող անցորդների վրա։ Այդ տեսարանը դեռ չմարսած՝ Օպերայի մայթի մոտ տեսավ գերլցված աղբամանը ու կողքը թափված շշերը։ Սրտնեղեց։ 

 

«Լավ, ի՞նչ կմտածեն մեր քաղաքի հյուրերը։ Սա ինչ ամոթալի տեսարան է»,- փնթփնթաց բարձրաձայն։ Իսկ երբ Սայաթ–Նովայի վրա նկատեց բարեկարգման պատրվակով քանդած մայթերը եւ դրանց մոտ անփույթ արված ասֆալտապատումը, համբերությունը սպառվեց։ Քաղաքը, որտեղ անցել են նրա կյանքի 80-ից ավելի տարիները, արդեն չափից դուրս երկար ժամանակ անհարմար, կեղտոտ ու աղմկոտ էր դարձել իր ու իր սերնդակիցների համար։ Մի բան պետք էր ձեռնարկել։ 

 

Այդ օրը սուրճ չխմեց, ծանոթներին չտեսավ։ Ձեռնափայտի օգնությամբ քայլեց դեպի տուն։ Փորձում էր հիշել, թե գրասեղանի որ դարակում է դրել Աստղիկի նվիրած գրիչները, որ նամակ գրի քաղաքապետին։

 

Սայաթ-Նովայի ձախ մայթով քայլելիս, կորացած, մարմնի մի մասով հենված ձեռնափայտի վրա, շտապեց հասնել Տերյան խաչմերուկ։ Մտքի մեջ շարադրում էր բողոքի նամակը, որը հենց այդ օրը պատրաստվում էր փոստով ուղարկել քաղաքապետարան։ Հուզված ու լարված՝ չնկատեց հետիոտնային մայթով իր ուղղությամբ բարձր արագությամբ սլացող ինքնագլորը, որի վրա կանգնած էր բեռնավորված առաքիչը։ Բախումն այնքան ուժեղ էր, որ տապալեց պարոն Բագրատին։ Հարվածող երիտասարդը, միջադեպից վախեցած, փախավ։ Մինչ անցորդները փորձեցին օգնել եւ շտապ օգնություն կանչել, գետնին ընկած պարոն Բագրատը, հուզված ու ցավից դողալով, կրկնում էր․ «Նամակը, նամակը գրեցեք»։

 

Պարոն Բագրատը չհասկացավ, թե ո՞ր պահից քաղաքն այսքան անհարմար ու օտար դարձավ իր տարիքի մարդկանց համար, իսկ ինքն այսքան անպաշտպան հարազատ փողոցի խաչմերուկում։

 

Քո Երեւան, 

 

Հուլիսի 5, 2025թ․ 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին