Նամակ Երեւանից. Օղակաձեւ այգու շատրվանը, քաղցր թութն ու դառը խոսքերը - Mediamax.am

exclusive
176 դիտում

Նամակ Երեւանից. Օղակաձեւ այգու շատրվանը, քաղցր թութն ու դառը խոսքերը



Օղակաձեւ զբոսայգու հինգերորդ հատվածի «Սեւ շատրվաններ»-ը Վահագի մանկության խորհրդանիշն են։ Դպրոցական տարիներին դասընկերների հետ իրենց սիրած հավաքատեղին էր։ Հանրապետության փողոցի (նախկին Ալավերդյան) վրա գտնվող դպրոցից դուրս գալով՝ ծանր պայուսակները ուսերին գցած, իրար հրմշտելով ու կատակելով՝ պատանիների իրենց խումբը գալիս էր այդտեղ եւ հետկեսօրն անցկացնում շատրվանների մոտ։ 

 

«Սեւ շատրվաններ»-ը հատկապես սիրելի էին դառնում ամռանն ընդառաջ՝ մայիսի վերջին օրերին, երբ սկսվում էր քննությունների շրջանը։ Հենց այդ ժամանակ քաղաքի բակերում հասնում էր թութը, եւ անցորդներն իրենց ճանապարհին կարճ դադար էին վերցնում, ամբողջ մարմնով ձգվում բարձր ճյուղերին՝ թութ պոկելու։ Վահագը հիշում էր, որ դպրոցից հետո տուն վերադառնալիս իր կոշիկները միշտ կպչուն էին լինում։

 

30 տարի անց Վահագն Օղակաձեւ զբոսայգում էր, «Սեւ շատրվաններ»-ի դիմացը։ 

 

Մտքում ուրվագծում էր այդ նույն վայրում հավաքվող տղաների պատկերները, որոնցից մեկն ինքն էր ու Գուրգենը ՝ իր ամենամտերիմ ընկերը։ Գուրգենն ամենահարազատն էր, դպրոցում ամենաաշխույժը, համարձակը, սպորտայինը, աղջիկների շրջանում ամենամեծ համակրանք վայելողը։ Գուրգենի հետ կապը չէր կորում անգամ արձակուրդներին։ Ամեն օր բակում ֆուտբոլ էին խաղում, հարեւանների ծառերից ցոգոլ հավաքում, միասին հեծանիվ քշում, իսկ երբ ուժասպառ էին լինում, գալիս էին շատրվանների մոտ, կանգնում քամու հոսանքին ընդառաջ ու քրտնած դեմքի ու մարմնի վրա զգում ջրի շիթերից եկող սառնությունը։ Ամառը Վահագի հիշողությունների ժապավենում հավերժացել էր այդպես. ինքն ու  Գուրգենը, «Սեւ շատրվաններ»-ն ու իրենց թրջված սպիտակ վերնաշապիկները։

 

Մանկության ընկերությունը հաջող անցավ պատանեկության փորձություններն ու վայրիվերումները եւ թեւակոխեց հասուն երիտասարդություն։ Սկսեցին ընկերություն անել ընտանիքներով։ Միասին ուրախության եւ տխրության օրեր ապրեցին։ Վահագի ու Գուրգենի հարաբերություններն ընկերության դասական օրինակ էին, մինչեւ այն պահը, երբ Գուրգենը մտավ ակտիվ քաղաքականություն եւ պաշտոն ստացավ։

 

Երկու ընկերների միջեւ սառը հոսանք անցավ։ Ինչ-որ բան կտրուկ փոխվեց, հանդիպումները ավելի հազվադեպ դարձան։ Վահագը սկսեց ընկերոջն ավելի հաճախ տեսնել հեռուստատեսությամբ, քան իրական կյանքում։

 

«Գուգոն զբաղված մարդ ա»,- կատակով ասում էին նրանց ընդհանուր ընկերները։ 

 

Զբաղվածությանը գումարվեց նաեւ երկու ընկերների քաղաքական հայացքների կտրուկ տարբերությունը, անհամաձայնությունները երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հարցերի շուրջ։ Բայց երկուսով ոսկե կանոն ունեին՝ միմյանց հասցեին վատ բան չասել, երբ ընկերդ ներկա չէ։

 

Մայիսի վերջին դասարանը մեծ հավաք կազմակերպեց՝ դպրոցն ավարտելու հերթական ամյակը նշելու։ Երեւանյան ռեստորաններից մեկում հավաքվեցին, հիշեցին անցած-գնացած օրերը, բացակա ընկերներին, ուսուցիչներին։ 

 

Վահագը չարաշահեց ոգելիցը ու հրապարակավ կշտամբեց պաշտոնյա ընկերոջը, մեղադրեց «երկիրը վարի տալու» համար։ Գուրգենը չպատասխանեց ընկերոջ թունդ խոսքերին ու բանը վիճաբանությանը չհասավ։ Վահագը շուտ լքեց հավաքույթի սեղանը ու տուն գնաց։ 

 

Մի քանի օր տանջվեց մտքերից, հավաքույթին իր պահվածքի մասին տհաճ հիշողություններից։ Դասընկերներից ոչ մեկը թեմա չբացեց կատարվածի մասին, բայց Վահագը հասկանում էր՝ վիրավորել էր Գուրգենին, դա արել էր դասարանի աչքի առաջ։

 

Միջադեպից մեկ շաբաթ անց զանգել չհամարձակվեց, փոխարենը կարճ հաղորդագրություն ուղարկեց՝ առաջարկելով հանդիպել։ Վերջին տարիներին կուտակված եւ չասված մտքեր կային ժամանակին շատրվանների մոտ խաղացող ընկերների միջեւ։ 

 

****

 

Դպրոցն ավարտելուց 30 տարի անց՝ Վահագն Օղակաձեւ զբոսայգում է՝  «Սեւ շատրվաններ»-ի դիմաց։ Երեւանում հունիս է, ամառ, հարեւան բակերում թթենիները հասել են, շատրվանները միացված են. ամեն ինչ  ճիշտ այնպես է, ինչպես դպրոցական տարիներին։ Միայն Գուրգենը չկար։  

 

Դեռ չկար... Կես ժամ անց՝ շատրվանի դիմաց հայտնվեց մանկությունից իր հետ քայլող ընկերոջ կերպարը։ Չասված շատ խոսքեր կային երկուսի միջեւ, եւ լռությունը լուծում չէր։

 

Քո Երեւան, 

 

14.06.2025

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին