88-ի երկրաշարժն ու Ջեբ Բուշի՝ Սուրբ Ծննդյան ամենալավ նվերը - Mediamax.am

exclusive
71255 դիտում

88-ի երկրաշարժն ու Ջեբ Բուշի՝ Սուրբ Ծննդյան ամենալավ նվերը


Ջեբ Բուշը, Վիկտոր Սուխոդրեւը, Անատոլի Մկրտչյանը եւ Սուրեն Հարությունյանը
Ջեբ Բուշը, Վիկտոր Սուխոդրեւը, Անատոլի Մկրտչյանը եւ Սուրեն Հարությունյանը

Լուսանկարը` Լ. Շահզադեյանի արխիվից

Ջեբ Բուշը, Անատոլի Մկրտչյանը եւ Սուրեն Հարությունյանը
Ջեբ Բուշը, Անատոլի Մկրտչյանը եւ Սուրեն Հարությունյանը

Լուսանկարը` Լ. Շահզադեյանի արխիվից

Լուսանկարը` «Երեկոյան Երեւան»

Ջեբ Բուշը եւ Դոնալդ Տրամպը 2015 թվականին
Ջեբ Բուշը եւ Դոնալդ Տրամպը 2015 թվականին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Երեկոյան Երեւան»

Ինդիրա Գանդին, Վիկտոր Սուխոդրեւը եւ Լեոնիդ Բրեժնեւը
Ինդիրա Գանդին, Վիկտոր Սուխոդրեւը եւ Լեոնիդ Բրեժնեւը

Լուսանկարը` RIA Novosti


ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-ավագի որդի եւ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որի պաշտոնական անունը Ջոն է, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո իր 12-ամյա տղայի՝ Ջորջի հետ մարդասիրական օգնություն բերեց հայերին: 1988 թվականին նա 35 տարեկան էր եւ զբաղվում էր անշարժ գույքի առուվաճառքով:

 

Հետագայում՝ իր հարցազրույցներից մեկում, Ջեբ Բուշն ասել էր, որ դա ամբողջ կյանքում իր արած ամենալավ սուրբ ծննդյան նվերն էր:

 

Հուզված, բայց զուսպ

 

Այն մասին, թե ինչպես ԱՄՆ նորընտիր նախագահի որդին ու թոռը եկան Հայաստան, Մեդիամաքսին պատմել է Լեւոն Շահզադեյանը, որն այցի ընթացքում ուղեկցում էր հյուրերին:

 

Լեւոն Շահզադեյանը աշխատում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում, որտեղից գործուղվել էր ԱՄՆ՝ Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն:

 

Երբ ԱՄՆ նախագահի որդու պատվիրակությունը պետք է Հայաստան ժամաներ, Մոսկվայից առաջարկեցին, որ հենց Լեւոն Շահզադեյանը ուղեկցի Ջեբ Բուշին ու 12-ամյա Ջորջին:

 

Ամերիկյան AmeriCares բարեգործական կազմակերպությունն օգնության տեղափոխմամբ էր զբաղվում եւ այդ բեռնատար ինքնաթիռներից մեկով էլ ժամանել էին հյուրերը: Բանն այն է, որ AmeriCares-ի հիմնադիրը Ջորջ Բուշ-ավագի դպրոցական ընկեր Բոբ ՄքԿոլին էր:

 

«Ամենօրյա, ոչ պաշտոնական հագուստով էր: Մոսկվայից մեծ խմբով մարդիկ էին ուղեկցում: Ջեբ Բուշը շատ հուզված էր, զգացվում էր, որ դա իր առաջին միջազգային փորձն է: Այդ հուզմունքը, թերեւս, նաեւ նրանից էր, որ նման դժբախտությանն էր ականատես լինում. երկրաշարժից հետո Հայաստանում այնպիսի վիճակ էր, որ մարդիկ գլուխները կորցրել էին, դա չէր կարող նրա վրա չազդել: Մյուս կողմից՝  Խորհրդային Միությունն ԱՄՆ-ի համար բարեկամական երկիր չէր: Ամեն դեպքում, շատ զուսպ մարդ էր, էմոցիաները շատ չէր արտահայտում: Երեխան էլ հոր նման լռակյաց էր»,- հիշում է Լեւոն Շահզադեյանը:

 

Ջեբ Բուշը Լեւոն Շահզադեյանի վրա զարմանալի տպավորություն է թողել:

 

«Մինչեւ հիմա հիշում եմ նրա բառերը: Այդ ժամանակ մտածեցի՝ ահա, թե ԱՄՆ նախագահի որդին ինչպիսի դաստիարակություն է տալիս իր երեխային:

Լուսանկարը` «Երեկոյան Երեւան»

Հիվանդանոցում այցելեցինք մի փոքրիկ տղայի, ում ոտքերն անդամահատված էին: Երբ ներս մտանք, Ջեբ Բուշը նայեց հայ տղային, ապա դիմեց իր որդուն. «Նայիր, ինչ գեղեցիկ տղա է, ինչ սիրուն աչքեր ունի: Եթե մեր ընտանիքում ծնվեր, հիմա քեզ եղբայր կլիներ, եւ այս դժբախտությունն էլ իրեն չէր պատահի»:

 

Նա դա ասաց ի սրտե, ոչ լրագրողների կամ հասարակության համար: Սենյակում մենակ էինք՝ բժիշկները, Բուշը, տղան ու ես»:

 

Փոքրիկ Ջորջն անցնում էր հիվանդասենյակներով, բարեւում հիվանդներին ու նրանց բաժանում սուրբ ծննդյան նվերները:

 

«Կառույցներն ավերված էին, մարդիկ փողոցներով քայլում էին գրեթե մերկ եւ քաղցած: Հիվանդ երեխաների դժբախտության պատկերը հավետ կմնա իմ եւ տղայիս հիշողության մեջ»,- իր հարցազրույցներից մեկում ասել էր Ջեբ Բուշը:

 

Սպիտակ այցելությունից հետո նրանք մեկնեցին Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ: Վեհափառի ընդունելությունից հետո հայրն ու որդին մտան Մայր տաճար: Եկեղեցին դատարկ էր, նրանք լուռ նստեցին: Ուղեկցող մարդիկ դուրս եկան, որպեսզի չխանգարեն: Բուշն ու նրա որդին երկար աղոթում էին:

 

«Ինքն իմ վրա լավ մարդու տպավորություն թողեց՝ չնայած իր հետ ընդամենը մեկ օր եմ շփվել»,- ասում է Լեւոն Շահզադեյանը:

 

Երեւան, Սպիտակ, Քարաձոր եւ Էջմիածին

 

«Երեկոյան Երեւան» թերթի 1988թ. դեկտեմբերի 28-ի համարում տպագրվել էր Արմենպրեսի թղթակից Ռ. Կարագյոզյանի «Ծննդյան տոնի նվերներ» այս հոդվածը.

Լուսանկարը` «Երեկոյան Երեւան»

Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից 72 ժամ անց «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Ամերիկերս» ամերիկյան ազգային բարեգործական ընկերության կողմից Երեւան ուղեւորված փոխադրական ինքնաթիռը: Հետո օվկիանոսի վրայով գցված օդային կամրջով Հայաստանում վայրէջք կատարեցին մասնավորապես քսան ինքնաթիռներ, տեղ հասցնելով  փրկարարներ, բժիշկներ, ուրիշ մասնագետների խմբեր, ինչպես նաեւ զանազան սարքավորումներ երկրաշարժից տուժածների համար:

 

Երբ «Ամերիկերսի» պրեզիդենտ Ռոբերտ Մաքոլին՝ Ջորջ Բուշի դպրոցական ընկերը, բուժսարքավորումներով ու տարերքից տուժած հայ երեխաների համար Ծննդյան տոնի առթիվ նվերներով բեռնված չորրորդ ինքնաթիռն էր ուղարկում, ԱՄՆ-ի նորընտիր պրեզիդենտը խնդրեց, որ Հայաստան առաքվող այդ բեռն ուղեկցեն իր որդին՝ Ջոնը (Ջեբը-Մեդիամաքս) եւ թոռը՝ Ջորջը:

 

ԱՄՆ-ի նորընտիր պրեզիդենտ Ջորջ Բուշի որդուն ու թոռանը ջերմորեն ողջունեցին

Հայկական ՍՍՀ արտաքին գործերի մինիստր Ա. Մկրտչյանը, Հայաստանի մանկական ֆոնդի նախագահ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Է. Հովհաննիսյանը, ՍՍՀՄ արտգործմինիստրության պատասխանատու աշխատակից Վ. Սուխոդրեւը, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

 

Ջոն Բուշն ասում է. «Մենք բերել ենք 40 տոննա բեռ՝ բուժսարքավորումներ, դեղորայք, խաղալիքներ եւ մանկական սնունդ, որն ամբողջ Ամերիկայում հավաքվել է «Ամերիկերս» բարեգործական ընկերության կողմից: Հազարավոր մարդիկ են մասնակցել այդ ազնիվ ձեռնարկմանը: Մենք օդում էինք գտնվում, երբ երկրի վրա նշում էին Ծննդյան տոնը: Ես շատ կուզենայի, որ այդ տոնի օրը Հայաստանում ամենքը զգան, որ հայերի վիշտը կիսում են նաեւ միլիոնավոր ամերիկացիներ»:

 

Ուշադրությունից շփոթված փոքրիկ Ջորջը ժուռնալիստներին ասում է. «Ես լսել եմ, որ երկրաշարժի ժամանակ մեծ թվով հայ երեխաներ են տուժել: Ուզում եմ, որ թեկուզ Ծննդյան տոնի օրը նրանք կարողանան փոքր-ինչ մոռանան իրենց վերապրածը, ուրախանան խաղալիքներով, որ նրանց ընծայել են իրենց ամերիկացի հասակակիցները»:

 

Ջոն եւ Ջորջ Բուշերն իրենց ուղեկցող պաշտոնատար անձանց, ժուռնալիստների հետ օդանավակայանից մեկնեցին տարերքի կողմից ավերված Սպիտակ քաղաք: Սպիտակի ծայրամասում նրանք կանգ առան այն վրանավանի մոտ, որտեղ աշխատում են ԱՄՆ-ից ուղարկված հավաքովի տնակները մոնտաժող մի խումբ ամերիկացի ու հայ բանվորներ:

 

Սպիտակի փլատակները դիտելուց հետո նրանք մեկնեցին Քարաձոր գյուղը, որը գրեթե կիսով չափ ավերված է: Կանայք ու երեխաները էվակուացված են, պատմում է Սպիտակի կուսշրջկոմի 1-ին քարտուղար Ն. Մուրադյանը: Մնացել են միայն տղամարդիկ, որոնք Դաղստանից ժամանած շինարարների հետ միասին հիմա զբաղված են վերականգնման աշխատանքներով:

 

Օրվա երկրորդ կեսին ամերիկացի հյուրերը վերադարձան Երեւան:

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի 1-ին քարտուղար Ս. Հարությունյանը Ջոն եւ Ջորջ Բուշերին նախաճաշի հրավիրեց: Դիմելով ավագ Բուշին, նա հայ ժողովրդի, հանրապետության ղեկավարության անունից խնդրեց ԱՄՆ-ի պրեզիդենտին եւ ամբողջ ամերիկյան ժողովրդին խորին երախտագիտություն հաղորդել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի առթիվ արտահայտած կարեկցանքի ու համերաշխության համար:

Ջեբ Բուշը, Անատոլի Մկրտչյանը եւ Սուրեն Հարությունյանը Ջեբ Բուշը, Անատոլի Մկրտչյանը եւ Սուրեն Հարությունյանը

Լուսանկարը` Լ. Շահզադեյանի արխիվից

«Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այն բարոյական եւ նյութական օգնությունը, որ մենք ստացանք ամերիկյան ժողովրդից մեզ պատուհասած դժբախտության օրերին: Հայաստանի ողբերգությունը ողբերգություն դարձավ սովետական ժողովուրդների, աշխարհի բոլոր ժողովուրդների համար, որոնք օգնության ձեռք մեկնեցին մեզ: Այս վիշտը, որը միլիոնավոր մարդկանց անձնական վիշտը դարձավ, մեկ անգամ եւս վկայում է, որ աշխարհի ժողովուրդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ հանուն արարման եւ առաջադիմության»,- ասաց նա:

 

Երեւանի N 3 մանկական կլինիկական հիվանդանոց: Նրա մեծաթիվ բուժանձնակազմն իր ամբողջ բժշկական գործունեության ընթացքում չէր տեսել այսքան մեծ թվով վիրավոր, վնասված, ինչպես նաեւ ամբողջ կյանքում խեղանդամ դարձած երեխաներ, ինչպես վերջին երկու շաբաթվա ընթացքում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Օ. Նազարյանն ասում էր, որ երկրաշարժից հետո Լենինականից, Սպիտակից, ուրիշ վայրերից հիվանդանոց են բերել ավելի քան 600 երեխա: Նրանցից երկուսին բուժման համար ուղարկել ենք Մոսկվա, շատերին արդեն դուրս ենք գրել: Այսօր մեզ մոտ մնացել է տարերքից տուժած 178 երեխա: Բուժանձնակազմի հետ հիվանդների բուժմամբ զբաղված էին Հոլանդիայից, Շվեյցարիայից, Վիետնամից ժամանած բժիշկները: Այժմ կլինիկայում են գտնվում չորս ամերիկացի մասնագետներ, որոնք իրենց հետ բերել ու տեղադրել են մի քանի «արհեստական երիկամ» ապարատ:

 

Ջոն եւ Ջորջ Բուշերը հիվանդասենյակից հիվանդասենյակ անցան, հանդիպեցին վիրավոր ու հիվանդ երեխաների հետ: Փոքր Ջորջը հայերեն արտասանեց «բարեւ ձեզ» ու շփոթված սկսեց բաժանել նվերները:

 

Երեկոյան ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջորջ Բուշի ժառանգները եղան Ամենայն Հայոց Ծայրագույն պատրիարք, կաթողիկոս Վազգեն Ա-ի նստավայրում:

 

Դեկտեմբերի 26-ին Ջոն եւ Ջորջ Բուշերը մեկնեցին Երեւանից:

 

Լեգենդար Սուխոդրեւը

 

«Երեկոյան Երեւան»-ի հոդվածում որպես «ՍՍՀՄ արտգործմինիստրության պատասխանատու աշխատակից» ներկայացված Վիկտոր Սուխոդրեւն իրականում լեգենդար մարդ էր՝ Նիկիտա Խրուշչովի եւ Լեոնիդ Բրեժնեւի անձնական թարգմանիչը:

 

2014 թվականին 82 տարեկան հասակում մահացած Վիկտոր Սուխոդրեւն աշխատել էր նաեւ Անաստաս Միկոյանի, Ալեքսեյ Կոսիգինի, Անդրեյ Գրոմիկոյի, Միխայիլ Գորբաչովի եւ խորհրդային այլ ղեկավարների հետ:

Ինդիրա Գանդին, Վիկտոր Սուխոդրեւը եւ Լեոնիդ Բրեժնեւը Ինդիրա Գանդին, Վիկտոր Սուխոդրեւը եւ Լեոնիդ Բրեժնեւը

Լուսանկարը` RIA Novosti

Հարցազրույցներից մեկում Վիկտոր Սուխոդրեւն ասել էր, որ անձամբ ճանաչել է ԱՄՆ 8 նախագահների՝ Էյզենհաուրին, Քենեդիին, Ջոնսոնին, Նիքսոնին, Ֆորդին, Քարտերին, Ռեյգանին, Բուշ-ավագին:

 

Հենց Սուխոդրեւն էր ուղեկցում Անաստաս Միկոյանին, որը գլխավորում էր ԱՄՆ մեկնած ԽՍՀՄ պատվիրակությունը՝ Ջոն Քենեդիի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:

 

«Լեզու իմ, բարեկամ իմ» հուշերի գրքում Վիկտոր Սուխոդրեւը գրում է, որ թաղման արարողությունից հետո Միկոյանը մոտեցել էր Ժակլին Քենեդիին եւ ցավակցական խոսքեր էր ասում:

 

«Ժակլինը նրա ձեռքը վերցրեց իր ափերի մեջ, եւ ողջ օրվա ընթացքում առաջին անգամ նրա աչքերում արցունքներ տեսա.

 

- Պարոն Միկոյան, փոխանցեք պարոն Խրուշչովին, որ իմ ամուսինը շատ էր ցանկանում նրա հետ միասին ամուր խաղաղություն կառուցել: Հիմա պարոն Խրուշչովը ստիպված կլինի դա միայնակ անել», - գրել էր Վիկտոր Սուխոդրեւը:

 

Հայերի բարեկամը

 

Դժվար է ասել, հաճա՞խ է Ջեբ Բուշը հիշում իր ճամփորդությունը Հայաստան, բայց հայերը նրան չեն մոռանում:

 

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմը յուրաքանչյուր տարի «Հայերի բարեկամ» կոչումն է  շնորհում է այն մարդկանց, ովքեր զգալի ավանդ են ներդրել Հայաստանի ու հայերի հետ հարաբերությունների զարգացման գործում: 2013 թվականին այդ կոչմանն արժանացել էր Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշը:

Ջեբ Բուշը եւ Դոնալդ Տրամպը 2015 թվականին Ջեբ Բուշը եւ Դոնալդ Տրամպը 2015 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ջեբ Բուշի եւ նրա որդու այցը Հայաստան իսկապես շատ բան փոխեց: Ջորջ Բուշի-ավագ դուստրը՝ Դորո Բուշ Քոչը «Իմ հայրը, իմ նախագահը» գրքում գրում է.

 

«Հայրս հիշում էր, որ Գորբաչովն իրեն ասել էր, որ երբ Ջեբը Հայաստանում եկեղեցի գնաց ու այնտեղ արտասվեց, դա ավելի մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ եւ ԽՍՀՄ հարաբերությունների վրա, քան որեւէ այլ բան, որի մասին կարող էի մտածել»:

 

Նյութը պատրաստել են՝ Արա Թադեւոսյանը, Մարի Թարյանը եւ Գոհար Նալբանդյանը

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում Տիգրան Լիլոյանին՝ աջակցության համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին