Երեւան: Մեդիամաքս: Media International Services միջազգային ընկերությունը Հայաստանում կունենա իր մասնաճյուղը, որի պաշտոնական բացումն ու շնորհանդեսը կկայանան այսօր երեկոյան:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Տիգրան Սաֆարյանը, Media International Services-ը հանդիսանալու է 4 հեռուստաալիքների` Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի եւ Ա-Թիվիի հեռուստագովազդի բացառիկ վաճառողը:
«Գովազդը վաճառվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, տեղի է ունենալու ռեյտինգների վաճառք, որի համար կկիրառվի միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիա»,- Մեդիամաքս-ին ասել է Տիգրան Սաֆարյանն ու նշել, որ գնային համակարգը լինելու է բավական ճկուն, իսկ զեղչային համակարգն ունենալու է մի քանի տասնյակ պայմաններ:
Անդրադառնալով գովազդի բովանդակությանը` մեր զրուցակիցը նշել է. «Ճիշտ է, գովազդի տեղադրման եւ վաճառքի տեխնոլոգիան այնքան էլ կապ չունի բովանդակության հետ, բայց նշված 4 հեռուստաալիքներով հեռարձակվող գովազի նկատմամբ, օրենքի շրջանակներում, մեր կողմից կիրականացվի վերահսկում»:
Աշխատանքների իրականացման համար ընկերությունը կհամագործակցի Ուկրաինայի իր գործընկերների հետ:
Տիգրան Սաֆարյանը նշել է, որ բաց են նաեւ տեղական այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցության եւ առաջարկների համար:
Media International Services-ի հայաստանյան մասնաճյուղի աշխատանքային պաշտոնական մեկնարկը կտրվի ապրիլի 1-ից. «Բայց արդեն 3 ամիս է` ընկերությունը ձեւավորվել է, եւ սկսել ենք գովազդի վաճառքը», - ասել է
Տիգրան Սաֆարյանը:
















