«Միր»-ի հիման վրա կստեղծվի «Միր 24» լրատվական հեռուստաալիքը - Mediamax.am

14807 դիտում

«Միր»-ի հիման վրա կստեղծվի «Միր 24» լրատվական հեռուստաալիքը


«Միր»-ի  հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը
«Միր»-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հիման վրա կստեղծվի «Միր 24» լրատվական հեռուստաալիքը:

Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է «Միր»-ի  հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը:

 

«24-ժամյա լրատվական հեռուստաալիքի ստեղծման նախագիծն արդեն հավանության է արժանացել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից սեպտեմբերի 28-ին Յալթայում կայացած հանդիպման ժամանակ»,- ասել է Մերուժան Սարգսյանը:

 

Նա նշել է, որ ընկերության բաժանորդ շուրջ տասը երկրների կարեւորագույն իրադարձությունները հեռուստառադիոընկերության ներկայիս ձեւաչափում հնարավոր չէր ներկայացնել 1 օրում. «Սա է այն դրդապատճառը, որ մենք ունենանք լրատվական նոր ալիք»:

 

2013-ի հունվարի սկզբից գործարկվող նոր հեռուստաալիքում 30 րոպե պարբերականությամբ կլինեն լրատվական թողարկումները, նաեւ հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր եւ «Հայաստանն այսօր» 26 րոպե տեւողությամբ նախագիծը: Անդրադառնալով «Միր» ռադիոյի գործունեությանը` Մերուժան Սարգսյանը նշել է. «Այն Երեւանում դեռեւս հասանելի չէ, բայց ունի «Խոսում եւ երգում է Երեւանը» հաղորդումը, որը հասանելի է բաժանորդ երկրների քաղաքացիներին»:

 

Բանախոսի խոսքով, «Միր»-ն այսօր ունի ավելի քան 72 մլն հեռուստադիտող, իսկ ռադիոն` 20 մլն ունկնդիր:

 

«Միր»-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտում ունեցած ներդրման համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել են հայաստանյան մասնաճյուղի երեք աշխատակիցներ, իսկ “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում բացվել  է 7-օրյա լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են հեռուստաընկերության աշխատակիցների գործերը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին