2004 թվականի սեպտեմբերից լույս տեսնող «168 ժամ» թերթի խմբագրակազմը շուրջ երկու ամիս է` անցել է աշխատանքային նոր ձեւաչափի` ամենօրյա թարմացման ռեժիմով գործարկվել է թերթի էլեկտրոնային նոր տարբերակը: Մեդիամաքս-ի թղթակիցը զրուցել է «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ:
«Ժամանակն իր պահանջներն է թելադրում, որից չես կարող խուսափել: Նոր կայքը թարմացվում է ամենօրյա ռեժիմով` ամեն ժամ: Նախկինում եւս ունեինք թերթի էլեկտրոնային տարբերակ, սակայն այնտեղ տեղ էին գտնում տպագիր համարների նյութերը»,- ասել է Սաթիկ Սեյրանյանը:
«168 ժամ»-ի խմբագրությունը համալրվել է նոր կազմով, հայտարարվել է մասնագիտացված ոլորները լուսաբանող լրագրողական մրցույթ: Ինչպես նշում է գլխավոր խմբագիրը, լրագրողներից ոմանք գրում են միայն թերթի համար: Թերթի նյութը կայքում տեղադրվում է օրվա երկրորդ կեսին:
«Ուզում ենք, որ տպագիր տարբերակն ու կայքը որոշակիորեն տարբերվեն»,- ասում է խմբագիրն ու հավելում, որ կայքի ստեղծմանն ու գործարկմանը երկար ժամանակ են պատրաստվել: «Մոտ երկու տարի առաջ սկսեցինք աշխատել այս ուղղությամբ, բայց ի հայտ եկան տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով 168.am-ը փոքր-ինչ ուշացավ: Հոգնել էի ասելուց, որ կայքն ընթացքի մեջ է, որոշեցինք սկսել եւ շատ բաներ շտկել հենց աշխատանքի ընթացքում, օնլայնն անընդհատ հղկվելու կարիք ունի»:
Խմբագիրը նշում է, որ կայքում կարեւորվում է նյութերի որակն ու հասարակությանը պիտանի տեղեկության առկայությունը: «Ընթերցողների մեծ մասին արդեն ճանաչում ենք, նրանք տարբեր նախասիրություններ ունեն, բայց մենք նախընտրում են «մենյուն» այնպես կազմել, որ մեզ էլ հետաքրքիր լինի` նոր զրուցակիցներ, մարդկային պատմություններ, ունենք նաեւ թերթում առկա սոցիալական բաժինը, որի համար ստանում ենք տարբեր արձագանքներ ՀՀ-ից եւ արտերկրից»:
Անդրադառնալով այցելություններին` մեր զրուցակիցը նշում է, որ դեռ 2 ամիսը չբոլորած կայքի օրական այցելուների թիվը տատանվում է 2000-3000-ի սահմաններում, երբեմն նաեւ հատում այն:
«168 ժամ»-ը`օրաթերթ
Տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ կրած «168 ժամ» թերթը, որը լույս է տեսնում շաբաթական երեք անգամ, մոտ ապագայում օրաթերթ կդառնա: «Կայքի հետ կապված աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո կաշխատենք այդ ուղղությամբ. ամենօրյա թերթն անխուսափելի է դառնում, ճիշտ է, ընթերցողը փոխվել է, բայց թերթ սիրողները դեռ կան»,- ասում է Սաթիկ Սեյրանյանը:
Նրա փոխանցմամբ, կայքի առկայությունը չի ազդել թերթի տպաքանակի կամ վաճառքի վրա:
Սիրանուշ Եղիազարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: