Մեդիակարգավորումը Հայաստանում. երկու քայլ առաջ, մեկ քայլ՝ հետ - Mediamax.am

exclusive
399 դիտում

Մեդիակարգավորումը Հայաստանում. երկու քայլ առաջ, մեկ քայլ՝ հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Գնել Նալբանդյանը
Գնել Նալբանդյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Արթուր Պապյանը
Արթուր Պապյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Հարություն Հարությունյանը
Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Սուրեն Դեհերյանը
Սուրեն Դեհերյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Կարեն Հարությունյանը
Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Բորիս Նավասարդյանը
Բորիս Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում մեդիայի կարգավորման դաշտն առայժմ կայացման փուլում է։ Մի կողմից, աճում է այն մեդիաների թիվը, որոնք ընդունում են էթիկական սեփական կանոնագրեր կամ միանում ինքնակարգավորման արդեն իսկ գործող մարմիններին։

 

Մյուս կողմից՝ անշեղորեն աճում է «սունկ» կայքերի թվաքանակը, որոնք «ֆեյք նյուզ» եւ կեղծիք տարածելուց զատ զբաղվում են մեդիամանիպուլյացիաներով եւ էժանագին քարոզչությամբ։ Մեդիափորձագետների օգնությամբ փորձել ենք պարզել՝ ինչու է մեդիակարգավորումը մեր երկրում կարծես երկու քայլ առաջ անում, ապա՝ մեկ քայլ հետ։

 

Հայաստանում մեդիայի կարգավորման երեք համակարգ կա. պետական կարգավորում՝ հանձին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ), որը վերահսկում է հեռուստատեսային եւ ռադիո կապուղիներով եւ կաբելային ցանցերով հեռարձակվող ԶԼՄ-ների աշխատանքը, համակարգավորում՝ հանձինս հեռուստաընկերություններում գործող ներքին օմբուդսմենների կամ էթիկական հանձնախմբերի (ինքնակարգավորման մարմիններ են, բայց, քանի որ պետության թելադրանքով են ներդրված՝ օրենքի պահանջով, պետական կարգավորման եւ ինքնակարգավորման միախառնուրդ են), եւ ինքնակարգավորում՝ որպես վարքականոնային միավորում։

 

Ինքնակարգավորման միակ նախաձեռնությունը ստեղծվել է 2007 թվականին՝ ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ջանքերով, որոնց կողմից էլ ձեւավորվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը:

 

Այն առաջնորդվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով:

 

Դիտորդ մարմինն աշխատանքի մի քանի եղանակ ունի. վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների դեմ ներկայացվող բողոքները ԴՄ-ն քննում է, ըստ անհրաժեշտության որոշակի ուսումնասիրություն կատարում եւ տալիս է եզրակացություն, որով խախտումն արձանագրվելու դեպքում լրատվամիջոցը պարտավոր է հրապարակել այն՝ այդպիսով ընդունելով, որ իր կողմից խախտվել են էթիկայի որոշակի սկզբունքներ: Լրատվամիջոցը հերքման, ներողության պարտականություն չունի, թեեւ դա էլ կարող է սեփական նախաձեռնությամբ անել:

 

Վարքականոնը չստորագրած լրատվամիջոցների վերաբերյալ բողոքները Դիտորդ մարմինը կարող է քննել, եթե դրանք հանրային կամ մասնագիտական կարեւորություն ունեցող տեղեկատվական վեճեր են, եւ կարող է արտահայտել փորձագիտական կարծիք, որը զուտ տեղեկատվական բնույթի է, լրատվամիջոցից որեւէ գործողություն չի պահանջվում, լրատվամիջոցը կարող է ընդունել կամ չընդունել այդ կարծիքը: Երրորդ դեպքում էլ Դիտորդ մարմնի անդամներն իրենք իրենց նախաձեռնությամբ կարող են հայտարարություններ անել հանրային կարեւորություն ներկայացնող երեւույթների վերաբերյալ:

 

Աշխատանքի մի տարբերակն էլ կա. երբ լրատվամիջոցը, տեղեկանալով իր դեմ ներկայացված բողոքի մասին, ինքն է առաջարկում հրապարակել բողոք ներկայացնողի հերքումը կամ պատասխանը՝ առանց Դիտորդ մարմնի միջամտության:

 

Ինքնակարգավորման նախաձեռնության շրջանակում ներդրվում է նաեւ «էթիկայի նշան» համակարգը․ մի շարք լրատվամիջոցներ արդեն տեղադրել են նշանն իրենց կայքէջերում: Նշանի միջոցով ընթերցողը լրատվամիջոցի կայքից կարող է մուտք գործել Դիտորդ մարմնի կայք եւ այնտեղ տեսնել կազմակերպության տվյալները:

 

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, Դիտորդ մարմնի նախագահ

 

«Վեճերը հիմնականում վերաբերում են որեւէ անձի կամ սոցիալական խմբի հետ կապված անբարեխիղճ լուսաբանմանը, որը պարունակում է ապատեղեկատվություն, վիրավորանքի, զրպարտության տարրեր, հեղինակային իրավունքի կամ ընտրությունների լուսաբանման կանոնների խախտման դեպքեր եւ այլն։

 

Բողոքները հիմնականում անդամակցողների 10 տոկոսի վերաբերյալ են, իսկ նախաձեռնությունից դուրս կան 5-6 ԶԼՄ-ներ, որոնց դեմ առավել հաճախ են բողոքներ ներկայացվում։ Կարող ենք ասել, որ նույնիսկ ոչ անդամ լրատվամիջոցները հաշվի առնում են Դիտորդ մարմնի եզրակացությունն իրենց հետագա գործունեության մեջ, հետեւություններ անում են, ուղղում են: Ամեն դեպքում՝ դրական արդյունքները, որ գրանցում ենք, համեստ են: Դա պայմանավորված է նրանով, որ չունենք վարչարարական ազդեցության որեւէ եղանակ, ամեն ինչ հիմնված է լրագրողների եւ խմբագրությունների պատասխանատվության եւ գիտակցության վրա:

Բորիս Նավասարդյանը Բորիս Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ունենք լրատվամիջոցներ, որոնք հասկանում են՝ ինչու են միացել նախաձեռնությանը, ինչ պարտավորություններ է դա ենթադրում, եւ այդ լրատվամիջոցների հետ ունենք բավականին արդյունավետ համագործակցություն: Մեդիադաշտում մի սեգմենտ էլ կա, որին ուղղակի ձեռնտու չէ լրացուցիչ պարտավորություններ ստանձնել, այդ թվում` էթիկապես որակյալ լրագրություն ապահովելու տեսակետից, քանի որ դա կարող է խանգարել լուծելու այլ խնդիրներ՝ քաղաքական, բիզնես եւ այլն: Եթե տիպաբանությամբ ղեկավարվենք, դրանք ԶԼՄ-ներն են, որոնք մասնակցում են սուր քաղաքական պայքարին եւ, համապատասխանաբար, այն խնդիրները, որ իրենք լուծում են, չեն ենթադրում միշտ հետեւել բարձր էթիկական չափանիշներին:

 

Բնական ենք համարում, որ այդ երկու հատվածները կան եւ լինելու են մեր մեդիադաշտում, բայց նաեւ հույս ունենք, որ մեծանալու է այն լրատվամիջոցների քանակը, որոնց համար հիմնականը լսարանի արդարացված վստահությունն է:

 

Գնել Նալբանդյան, «Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր, Դիտորդ մարմնի անդամ

 

«Այն լրատվամիջոցները կամ մեդիաները, որոնք միանում են այս նախաձեռնությանը, պետք է ավելի մեծ պատասխանատվություն զգան իրենց լսարանի՝ ընթերցողների, լսողների, դիտողների առջեւ, որովհետեւ ինքնակարգավորմանը միացած կազմակերպությունները դաշտը կարգավորող օրենքներից զատ ստանձնում են հավելյալ պարտավորություններ եւ դա անում են ինքնակամ: Այս հանգամանքը շատ կարեւոր է եւ նշանակում է ավելի բաց ու ազնիվ հարաբերություն լսարանի հետ:    

 

Պարտադիր չէ, որ սա լինի միակ նախաձեռնությունը․այլ ԶԼՄ-ներ կարող են ստեղծել իրենց ներքին, խմբային ինքնակարգավորումները, կարեւոր է, որ ունենան վարքականոն՝ միջազգային չափանիշներին համապատասխան արժեքային հենքով, եւ պահպանեն այդ վարքականոնի նորմերը: Վարքականոնը պետք է հրապարակված լինի, որ յուրաքանչյուր ոք կարողանա տեսնել, թե ինչ արժեքներ է որդեգրել լրատվամիջոցը եւ արդյոք պահպանում է դրանք:

Գնել Նալբանդյանը Գնել Նալբանդյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Ինքնակարգավորման համակարգը շատ կարեւոր է սեփական սխալներն ընդունելու, դրանց համար ներողություն խնդրելու եւ դասեր քաղելու առումով: Դա ինքնակարգավորման կարեւորագույն նշանակությունն է:

 

Երբ հեռուստաընկերությունների հետ կապված դիմում են մեզ, նախ եւ առաջ հորդորում ենք բողոքող կողմին դիմել հեռուստաընկերության օմբուդսմենին կամ հանձնախմբին, որպեսզի այդ ինստիտուտը կայանա: Եվ աշխատում ենք, որ բողոքարկող կողմը եւ հեռուստաընկերության օմբուդսմենը հասկանան իրար. մենք նաեւ այդպիսի գործառույթ ենք կատարում, ինքնակարգավորման այդպիսի մակարդակի վրա հասնում ենք նրան, որ խնդիրը լուծվում է: Իսկ եթե չի լուծվում, քննության ենք առնում խնդիրը եւ դիմում տվյալ հեռուստաընկերությանը: Եթե նախաձեռնության անդամ է, պարտավոր է մեր կազմած եզրակացությունը  տեղադրել իր կայքում, եթե անդամ չէ, որեւէ պարտավորություն չունի:

 

Դիտորդ մարմինը մեկ ուրիշ կարեւոր առաքելություն էլ ունի, որ լրագրողին ու լրատվամիջոցին պաշտպանի պետական պաշտոնյաների ոտնձգություններից, կամայականություններից: Այսպիսի դեպքեր էլ են եղել․ լրագրողը դիմել էր պետական պաշտոնյայի կողմից մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ ճնշման ենթարկելու դիմումով, ընդ որում նրա լրատվամիջոցը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէր: Դիտորդ մարմինը եզրակացրեց, որ պաշտոնյան չարաշահել է իր լիազորությունները: Նշեցինք, որ լրագրողի հետ արհամարհանքով խոսելը, կին լրագրողի սեռային պատկանելությունը շեշտելն անթույլատրելի է:

 

Արթուր Պապյան, մեդիափորձագետ, CyberHUB-AM հարթակի համահիմնադիր  

 

«էթիկայի նշանը» կրողների հետ փորձելու ենք ունենալ collective bargaining («կոլեկտիվ բանակցություններ»), օրինակ, գնալ ու պայմանավորվածություններ ձեռք բերել գովազդատուների հետ, խորհուրդ տալ, ասել, որ իր շահերից է բխում՝ գովազդ տեղադրել այնպիսի լրատվամիջոցներում, որոնք ճշգրիտ են, էթիկապես լավ են գործում:

 

Նույն կերպ կարող ենք սպառողներին հորդորել կարդալ այնպիսի լրատվամիջոցներ, որոնք էթիկայի նշան ունեն: Եթե նույնիսկ այդպիսի լրատվամիջոցը ինչ-որ բան ոչ դիտավորությամբ սխալ է գրել, ոչ ճշգրիտ տեղեկատվություն է հրապարակել, նշանը ենթադրում է, որ նա պարտավորվում է ենթարկվել բողոքարկման մեխանիզմին եւ հաշվի առնել Դիտորդ մարմնի եզրակացությունը:

 

Մեր նպատակներից է նաեւ, որ հայաստանյան մեդիա կազմակերպությունները կարողանան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ ավելի արդյունավետ ու արագ շփվեն: Եթե հարթակը կասկածներ ունի այս կամ այն լրատվամիջոցի վերաբերյալ, կարողանանք ցույց տալ, որ այն էթիկական լրատվամիջոց է, էթիկայի ինքնակարգավորման նախաձեռնության մաս է կազմում, եւ, հետեւաբար, տվյալ լրատվամիջոցին պետք է ավելի արագ արձագանքել ու խնդիրը դիտարկել:

Արթուր Պապյանը Արթուր Պապյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Meta-ի հետ, որին են պատկանում Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Threads-ը, որոշակի աշխատանքային հարաբերություններ ունենք: Հատկապես անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» թիմը, որ ներկայանում է CyberHUB-AM նախաձեռնությամբ, կարողանում է որոշ խնդիրներ լուծել, մեդիաների շահերը պաշտպանել:

 

Սուրեն Դեհերյան, «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր, գլխավոր խմբագիր

 

«Լինելով լրագրողական կազմակերպության ղեկավար, փաստերի վրա հիմնված, էթիկայի շրջանակներում գործող լրատվամիջոցների կողմնակից եւ նաեւ այդ գաղափարը տարածող մարդ՝ կարծում էի՝ բավարար է, եթե առաջնորդվենք մեր էթիկայի կանոններով:

Սուրեն Դեհերյանը Սուրեն Դեհերյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Բայց հասկանում ես, որ միանալով համայնքին՝ ավելի ուժեղացնում ես թե՛ համայնքը, թե՛ քո կազմակերպությունը, եւ դրանով իսկ հայաստանյան մեդիան էլ  ավելի վստահելի է դառնում: Երբ ասում ես՝ ես ունեմ իմ սեփական կանոնները, բայց նաեւ միացել եմ ինը տասնյակ կազմակերպություն համախմբող էթիկայի կանոնագրին, դա հավելյալ վստահություն է հաղորդում»:

 

Կարեն Հարությունյան, «ՍիվիլՆեթի» գլխավոր խմբագիր

 

«Դիտորդ մարմնի կանոնագիրն ավելի ընդհանրական է, այնտեղ ավելի քիչ բան է ներկայացված, քան մեր ներքին աշխատանքային կանոնագրում: Բայց Դիտորդ մարմնի գործառույթներն ավելին են, քան միայն այդ կանոնագիրն ընդունելը: Նաեւ, ըստ էության, որեւէ հակասություն չկա մեր եւ Դիտորդ մարմնի կանոնագրերի միջեւ:

 

Ցավոք, Հայաստանում էթիկական լրագրության հանրային պահանջը մեծ չէ: Պետք է նաեւ օրենսդրորեն կարգավորվի, որ ԶԼՄ-ները կամ կայքերը, որոնք իրենց լրատվամիջոց են կոչում, որոշակի էթիկական սկզբունքներ ունենան, որոնք կվերաբերեն եւ՛ ֆինանսական թափանցիկությանը, եւ՛ խմբագրական թափանցիկությանը, եւ՛ էթիկական նորմերին: Բայց նման կարգավորումներ չկան: Դիտորդ մարմինը պետական նախաձեռնություն չէ եւ ինչ-որ առումով փոխարինում է անկատար կարգավորիչ դաշտը, երբ անհատները կամ կազմակերպությունները ԶԼՄ-ների հետ վեճի դեպքում կարող են դիմել եւ այդ խնդիրն այնտեղ կարգավորել:

Կարեն Հարությունյանը Կարեն Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Իհարկե, սահմանափակ թվով անդամներ ունի, եթե համեմատում ենք Հայաստանում կայքերի թվի հետ, լավ կլիներ ավելի մեծ թվով լրատվամիջոցներ անդամակցեին եւ կարողանային նաեւ ընդունել էթիկական նորմերը: Ի վերջո` առնվազն գոնե այդ կանոնագիրն ունենալը, դրան հետեւելը քայլ առաջ է:   

 

Էթիկան եւ լրագրողական անկախությունը փոխլրացնող երեւույթներ են, բայց այդտեղ նրբություն կա։ Երբ լրագրողը ինչ-որ կոռուպցիոն բացահայտում է անում, երբեմն մեծ է լինում էթիկական սահմաններ հատելու գայթակղությունը: Վերջերս մի շատ լավ հետաքննություն տեսա, որ արել էր մեր գործընկեր մի լրատվամիջոցը: Լրագրողը շատ լավ աշխատել էր, բացահայտել էր ամբողջ շղթան, բայց ի սկզբանե նյութը ներկայացվում էր արդեն դատողությամբ եւ որակումներով, ինչն արժեզրկում էր կատարված աշխատանքը: Եվ այդտեղ ես ոչ միայն լրագրողի, այլեւ խմբագրի խնդիրը տեսա, որովհետեւ խմբագիրը պարտավոր էր հուզական գնահատականները փաստերից տարանջատել: Հետաքննությունը ժանր է, որտեղ հույզեր պետք չեն՝ միայն փաստեր:

 

Հարություն Հարությունյան, «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

 

Կամ պետք է անդամակցեինք ինքնակարգավորման նախաձեռնությանը, կամ ստեղծեինք ինքնակարգավորման սեփական մարմինը: Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը: 2018-ին մի քանի ռեպորտաժների հետ կապված խնդիրներ ունեինք, հարձակվում էին մեր լրագրողների վրա, դիմել էինք տարբեր կառույցների, բայց որոշ իրավապաշտպաններ, մեդիամասնագետներ, որոնք ներկայիս ինքնակարգավորման նախաձեռնության մեջ են, անտեսում էին կամ ոչ ճիշտ մոտեցում էին ցուցաբերում մեր նկատմամբ: Այդ պատճառով որոշեցինք ստեղծել էթիկայի մեր հանձնախումբը եւ որեւէ մեկից կախում չունենալ: Եթե հիմա լիներ, չեմ բացառում՝ գուցե անդամակցեինք, որովհետեւ կազմի մեջ էլ փոփոխություններ կան:

Հարություն Հարությունյանը Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

ՀՌՀ-ի հետ բավական երկար ժամանակ ենք աշխատում եւ համերաշխ ենք: Դիտողություններին, որոնք ստանում ենք ՀՌՀ-ից, արձագանքում ենք, ընդունում ենք կամ բացատրում մեր տեսակետը եւ միշտ գալիս ընդհանուր հայտարարի: Միայն մի դատական վեճ կա՝ պամֆլետային նյութ էինք արել, որը ցավագին էր ընդունվել, ՀՌՀ-ն տուգանել էր, մենք դիմեցինք դատարան, արդեն մի քանի տարի է այդ դատական գործընթացը շարունակվում է: Մնացած բոլոր դեպքերում հարցերը կարգավորվել են:

 

Մեր հանձնախումբն էլ բավականին նորմալ աշխատում է: Խմբի կազմում իրավապաշտպաններ են, մամուլի ներկայացուցիչներ, իրավաբաններ: Մի դեպք կար՝ մեզ դատի էին տվել, մեր հանձնախումբը գործը քննեց, որոշեցինք այդ մարդկանց հետ հանդիպել, հարցը կարգավորել: Հերքում տվեցինք, հարցը լուծվեց: Ամեն ինչ կախված է մոտեցումից՝ ինչպես կաշխատես: Եթե վերեւից նայես ամեն ինչին եւ արհամարհական մոտեցում որդեգրես, բնականաբար, խնդիրներ կունենաս:

 

Ադրինե Թորոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին