Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. «Իրականում սա հայերի խնդիրը չէ, այլ՝ մարդկության» - Mediamax.am

exclusive
1861 դիտում

Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. «Իրականում սա հայերի խնդիրը չէ, այլ՝ մարդկության»


Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը

Լուսանկարը` Jean-Marc Zaorski


44-օրյա պատերազմի օրերից ի վեր Ֆրանսիայում մշտապես «հնչում է» հայերի խնդիրները բարձրաձայնող ձայն՝ Le Figaro Magazine հեղինակավոր պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն ամենօրյա աշխատանք է տանում ֆրանսիական հանրությանը տեղեկացնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում։

 

Լրագրողը նաեւ ջանքեր է գործադրում ֆրանսիացիներին ներկայացնելու հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը. «Le Figaro Magazine»-ի էջերում հաճախ կարելի է կարդալ հայերի պատմության, մշակույթի մասին, տեսնել պատերազմական եւ հետպատերազմյան շրջանի լուսանկարներ, իսկ սոցիալական ցանցերում իր էջերում նա ամեն օր նորություններ է հաղորդում Հայաստանից եւ Արցախից։

 

Մեդիամաքսի հետ զրույցում Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը պատմել է իր առաքելության, Հայաստան եւ Արցախ այցելությունների, պատերազմի եւ լուսաբանման պակասի մասին։

 

- Դուք նշանակալի աշխատանք եք տանում Ֆրանսիայում՝ ամեն օր բարձրաձայնելով Հայաստանի եւ Արցախի հարցը։ Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, որ շարունակեք հետաքրքրվել այս հարցով եւ նույն ոգով շարունակել այս աշխատանքը, որն այդքան էլ դյուրին չէ։

 

- Հայաստանի նկատմամբ միշտ ջերմ վերաբերմունք եմ ունեցել եւ սիրում եմ այդ երկիրը, պատերազմից առաջ այցելել եմ մի քանի անգամ, նույնիսկ «Ֆիգարո»-ի ընթերցողներին եմ տարել Հայաստանը տեսնելու։

 

Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, իհարկե, մեծ տխրություն ապրեցի, քանի որ այն մարդիկ, ում սիրում եմ, հայտնվեցին ռումբերի տակ, բայց շատ արագ անձնական եւ մասնագիտական ոլորտները խառնվեցին իրար, քանի որ հասկացա, որ աշխարհը զբաղված էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններով, համավարակով եւ այլն, եւ սա մի հակամարտություն էր, որ քչերին էր հետաքրքրում։ Այստեղ անձնական ցավս միացավ իմ մասնագիտական պարտականությանը՝ լուսաբանել այդ պատերազմը։

Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը

 

Ընկերս՝ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը Ստեփանակերտում էր, նա այնտեղից լուսանկարներ էր ուղարկում, որոնք որեւէ այլ տեղ չէինք կարող տեսնել, ոչինչ չէր հրապարակվում։ Ինքս ինձ ասացի՝ կամ շարունակելու եմ բողոքել, որ բոլորն անտարբեր են եւ ոչինչ չեն անում, կամ ինքս պետք է դա անեմ։ Հույս ունեի նաեւ, որ ինձ հետ կամ ինձանից հետո մյուս գործընկերներս եւս կլուսաբանեն։

 

2020թ. հոկտեմբերի վերջին, երբ իրադրությունը շատ բարդ էր, զանգահարեցի իմ ընկեր, գրող, ճանապարհորդ Սիլվեն Տեսոնին, ում ճանաչում եմ 20 տարուց ի վեր, հարցրեցի՝ արդյո՞ք կգա ինձ հետ։ Մտածում էի պատերազմական ռեպորտաժ անելու մասին, ինչպես արել էի տարիներ առաջ տարբեր պատերազմական վայրերում։ Սիլվենը հիմա հանրաճանաչ է, բայց պահպանել է նույն սիրտն ու պարզությունը, ինչն ուներ տարիներ առաջ։ Նրա պատասխանն էր. «Հենց հիմա գնացինք»։

 

Երբ արեցինք պատերազմի մասին ռեպորտաժը եւ վերադարձանք, Սիլվենի հետ ունեինք նույն զգացողությունը, որ այդ պատերազմը միայն սկիզբն էր՝ «ավելի վատի նախապատրաստման լաբորատորիա»։ Ասացինք՝ այսօր Արցախն է, վաղը Սյունիքը կլինի, եւ այլն… Հայերը մեր կարիքն ունեն, ոչ թե կոնկրետ մեր անձի հետ կապված, այլ՝ որովհետեւ մենք հայկական ազգանուններ չունենք եւ կարող ենք խոսել հայերի խնդրի մասին, որն իրականում հայերի խնդիրը չէ, այլ՝ մարդկության։ Մենք չենք անում այս ամենը, որովհետեւ հայամետ ենք, անում ենք, որովհետեւ կյանքի եւ մարդկության կողմնակիցն ենք։

 

- Հենց սկզբից էլ զգացե՞լ էիք այդ ամենը։

 

- Այո, դրա համար էլ շարունակեցինք։ Ես լրագրող եմ, բախտ ունեմ համաղեկավարելու «Ֆիգարո ամսագիրը»-ն, այսինքն՝ լուսաբանելու հնարավորություն ունեմ, կարող եմ շարունակել այդ թեման։ Մենք ունեինք այդ զգացողությունը եւ դրա համար էլ ասում էինք, որ այդքանով չի վերջանալու եւ պետք է շարունակել հնչեցնել ահազանգը։

 

Ադրբեջանը շատ ուժեղ է քարոզչության հարցում, պատերազմի օրերին ես ստանում էի նամակներ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունից, որտեղ խոսվում էր միջազգային իրավունքի մասին, նշվում էր, որ դա Ադրբեջանի տարածքն է, հայերը ռմբակոծում են Ադրբեջանի քաղաքները եւ այլն: Նաեւ իմ գործընկերներն էին ստանում այդ նամակները։

 

- Ֆրանսիական լրատվամիջոցները փորձում էին պահպանել չեզոքությունը եւ խնդիրը երկկողմանի ներկայացնել։

 

- Այո, պետք էր հավասարություն պահպանել։ Չեմ կարող մեղադրել գործընկերներիս, եթե տեղեկացված չեն՝ չեն կարող հասկանալ խնդիրը։ Ոչ պատերազմից առաջ, ոչ առավել եւս՝ հետո չեն գնացել Արցախ, ուրեմն չգիտեին՝ ինչ է կատարվում։ Մտածեցի, որ երկար ժամանակ ամենօրյա ահազանգ պետք է հնչեցնեմ, փորձեցի ամեն օր տեղեկատվություն հաղորդել իմ աղբյուրներից, նաեւ ինքս Հայաստան եւ Արցախ գնալով՝ քիչ թե շատ գաղտնի։ Անընդհատ ինֆորմացիա էի տրամադրում, մտածելով, որ եթե պատերազմը վերսկսվի, այս դեպքում չեն կարող ասել, որ տեղեկություն չունեին, կունենան արդեն իմ փոխանցածը, նաեւ փոքր հույս ունեի, որ այլ լրագրողներ կտեսնեն, որ թեմա կա լուսաբանելու եւ հետաքրքրվելու։

 

2022թ. սեպտեմբերի դեպքերի ժամանակ «ցավալի փոքրիկ հաղթանակ» ունեցա՝ մարդիկ արձագանքեցին։ Իհարկե, կարող ենք ասել, որ այս դեպքում Արցախը չէր, այլ՝ Հայաստանը։ Շատ լրագրողներ ինձ զանգահարեցին ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար, տեղում իմ ունեցած կապերն էին հարցնում, ես ամեն ինչ տվեցի։

 

Կոմիտասը խելագարվեց, քանի որ, երբ եկավ Ֆրանսիա, այնպիսի տպավորություն ստացավ, որ բոլորը մոռացել են, թե ինչ է կատարվել։ Ես չեմ ցանկանում, որ հայերը խելագարվեն։ Օգնեցի գործընկերներիս, հետո ես եւ Սիլվենը կրկին գնացինք Հայաստան։ Լաչինի միջանցքի հարցով ահագին ժամանակ էր պետք, որ արձագանքներ լինեին, չնայած մեկ ամիս էր արդեն, որ ահազանգում էի։

 

-Կարծո՞ւմ եք, հիմա ավելի շատ «շարժ» կա՞ այդ հարցով։

 

- Արդեն մի քանի օր է՝ այո, լրատվամիջոցները սկսում են արթնանալ, նաեւ Ելիսեյան պալատը սկսում է անհանգստություն ցուցաբերել։ Սկսել են խոսել նաեւ այնպիսի լրատվամիջոցներ, որոնք շատ զգույշ են եւ հաճախ այսպես կոչված հավասարության զոհն են դառնում։

 

Ես կարծում եմ, որ այս խնդրում չեզոքության տարբերակ կա, ինչպես չկա Ուկրաինայի դեպքում։ Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, նույնն է, ինչ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ. այս երկրները հարձակման են ենթարկվում իրենց հարեւանների կողմից, ովքեր ավելի ուժեղ են, ավելի հարուստ։ Պետք է պաշտպանենք նրանց։

 

Հայաստանի դեպքում հակաքարոզչությունը շատ ուժեղ է, Հայաստանն ավելի հեռու տարածաշրջանում է։ Նաեւ, քանի որ հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները՝ մահմեդական, շատերը վախենում են այնպիսի տպավորություն թողնել, որ օգնում են քրիստոնյաներին եւ հակամահմեդական են։ Բայց բավական է գնալ պատերազմի վայր, որպեսզի հասկանալի դառնա, որ Ադրբեջանը հակաքրիստոնեական քաղաքականություն չունի, նրանք պարզապես հակահայկական ռասիզմի կրող են։ Հայկական եկեղեցիներն իրենց համար ոչ թե քրիստոնեության, այլ՝ հայկականության խորհրդանիշ են։ Փորձում եմ հասկացնել ֆրանսիացիներին, որ սա կրոնական խնդիր չէ, կրոնն այստեղ կարող է փոքր մաս կազմել, սա քաղաքակրթության կռիվ է, քանի որ նրանք վայրագ մեթոդներ են օգտագործում՝ հիվանդանոց եւ մանկապարտեզ ռմբակոծելով, հրաժարվելով վերադարձնել գերիներին եւ այլն։ Այսօր արդեն՝ կտրում են էլեկտրականությունը, գազը, մարդկանց զրկում են սննդից եւ բուժումից։ Լաչինի միջանցքում պարտավոր էին լինել բոլոր միջազգային կազմակերպությունները։

 

- Սա է զարմանալի, որ վատթարագույն վիճակ է, բայց կարծես քչերին է անհանգստացնում։

 

- Ցավն այն է, որ պետք են տպավորիչ պատկերներ եւ մահեր, որպեսզի իրականությունը մարդկանց հուզի։ Սարսափելի պատկերներ, լուսանկարներ։

 

- Պատերազմի ժամանակ կար այդ ամենը։

 

- Խնդիրն այն է, որ հայերի դեպքում դժվար էր տեսնել այդ ամենը։ Չկային կիլոմետրերով ձգվող փախստականների նկարներ, ովքեր դրսում էին գիշերում եւ սովամահ էին լինում, որովհետեւ բոլոր հայերը Հայաստանում բարեկամ կամ ընկեր ունեին, նույնիսկ անծանոթներն իրենց օթեւան տվեցին։

 

- Այսինքն՝ փողոցում ցրտահարվող մարդկանց պատկերնե՞ր էին պետք միջազգային հանրության գութը շարժելու համար։

 

- Այո, բացի մեքենաների շարասյան տեսարանից, այլ տպավորիչ պատկերներ չկային։ Հայերն այնպիսի մարդիկ չեն, ովքեր լալիս ու բողոքում են տեսախցիկների առաջ, այդպիսով լրատվամիջոցների համար խնդիրը գոյություն էլ չունի։ Հայերի արժանապատվությունը հարգանքի է արժանի, նրանք չեն ցանկանում ցույց տալ իրենց տառապանքը, լռության մեջ են տանջվում։ Դարեր շարունակ հայերը հաղթահարում են այն դժբախտությունները, որ պատահում են իրենց հետ։ Նրանք ունեն այդ ուժը, բայց դա այսօրվա աշխարհում թուլություն կարող է դիտվել։

 

- Կարելի է ասել՝ «կինոյի» կարիք կա։

 

- Այո, հենց այդպես է։ Ես ստացել եմ սարսափելի տեսանյութեր եւ պատկերներ, դրանց մասին խոսում էի, բայց հրաժարվում եմ ցույց տալ, կարծում եմ, մեր մասնագիտությունը զոհերին ցույց տալն է, ոչ թե՝ մեղավորներին։ «Ֆիգարո ամսագրում»-ում այս բանավեճն ունեցանք տարիներ առաջ, երբ եղան իսլամիստների հարձակումները։ Այն ժամանակ որոշեցինք ցույց չտալ ոչ թե տականքներին, այլ՝ տուժածներին:

 

Այսօր տուժածներն Արցախում այն երեխաներն են, ովքեր մոմի լույսի տակ են դաս սովորում, այն մարդիկ, ովքեր կտրոնով են հաց գնում, նման դեպքեր կարող եք շատ երկրներում տեսնել, սա մարդկանց շոկի չի ենթարկում։ Շոկային կարող է լինել այն տեսանյութը, որտեղ երեխաները փորձում են Արցախ գնալ ավտոբուսով, եւ ադրբեջանցիները ներխուժում են եւ նկարահանում նրանց։ Կաթիլ առ կաթիլ է ամեն ինչ տեղի ունենում, մի փոքր բժշկական օգնություն, մի փոքր սնունդ, այդպիսով մահեր շատ չեն լինում, սակայն ամիսներ շարունակ մարդիկ տառապում են։ Ադրբեջանցիների նպատակը հայերին տառապանք պատճառելն է, որպեսզի նրանք հեռանան։

 

Վերջին անգամ երբ Արցախում էի, մտածում էի, որ հիացմունքի արժանի մարդիկ են: Գյուղացին խաղող է հավաքում, իսկ իր դիմաց ադրբեջանցին է՝ զենքը նրա վրա պահած։ Ինչպե՞ս են նրանք այդպես ապրում՝ հրացանն իրենց վրա։ Ժամանակ առ ժամանակ էլ կրակում են։ Նրանք ասում են իրենց երեխաներին, որ պետք է մնան այդ երկրում, քանի որ հրաշալի երկիր է, այդ ինչպե՞ս են կարողանում։

 

Գիշերվա երեքին հեռախոսազանգեր են հնչում, լուսարձակները լույս են գցում տների վրա՝ մարդկանց քունը խանգարելու համար, լույսն ու ջուրն անջատվում է․ սրանք շարունակական տառապանքներ են, որոնք պակաս տպավորիչ են, քան ռմբակոծությունները, սակայն նպատակ ունեն մարդկանց ստիպելու հեռանալ։

 

Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սյունիքում, գյուղեր կան, որ դատարկվում են։ Որեւէ գյուղ դատարկվելուն պես ազերիները վերցնում են այն, իսկ հայկական բանակը չի կարող լինել ամենուր։ Լրագրողներին հարկավոր են նկարներ, վկայություններ, որոնք դժվար է ունենալ։

 

- Ամենասկզբում խոսեցիք ադրբեջանական պրոպագանդայի մասին։ Հաճախ թերագնահատում էինք թշնամու կարողությունները, բայց հասկացանք, որ ուժեղ են այդ գործում, իսկ մենք ի՞նչ կարող ենք անել։

 

- Կարծում եմ, հայերը բավականաչափ հաղորդակցություն չեն իրականացնում, նաեւ՝ լրատվամիջոցների հետ։ 2022թ. սեպտեմբերյան պատերազմից հետո Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը լրատվամիջոցների հետ հանդիպում էր կազմակերպել: Դեսպանը բացատրում էր իրավիճակը, եւ ես հասկացա, որ շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ինչ է կատարվել։ Դրանից հետո շատ հոդվածներ եղան։

 

Իմ թվիթերով լրատվական գործակալության դեր եմ կատարում, փորձում եմ այսպիսով իրազեկել։

Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը

Լուսանկարը` Jean-Marc Zaorski

Իմ կարծիքով, այս պահին պետք է լինեն Լաչինի միջանցքից լուսանկարներ եւ վկայություններ, շատ տեղեկատվություն, սակայն կարծես չի ստացվում ունենալ մեկ համակարգ՝ մեկ նպատակի շուրջ։ Կոմունիկացիայի մեծ մասն այսօր սոցիալական ցանցերի միջոցով է տեղի ունենում, սա հայերի մոտ լավ է ստացվում։

 

- Նաեւ հնարավորությունների զգալի տարբերություն կա։

 

- Իրենց մեծ հնարավորություններով հանդերձ Ադրբեջանն այսօր չի կարողանում Ֆրանսիայում բարեկամներ ունենալ։ Որ կուսակցությունից էլ որ մարդ լինի, դժվար է նման բռնապետական երկրի հետ բարեկամություն անել։

 

Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի հետ զրուցել է Էլլադա Ղուկասյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին