Ֆիլտրված ինֆորմացիոն փուչիկը, բեւեռացումն ու «պրո-իշխանական» սոցմեդիան - Mediamax.am

exclusive
1771 դիտում

Ֆիլտրված ինֆորմացիոն փուչիկը, բեւեռացումն ու «պրո-իշխանական» սոցմեդիան


Ռուբեն Ենիկոլոպովը
Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` SOPA Images via Getty Images

Ռուբեն Ենիկոլոպովը
Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` РЭШ

Ռուբեն Ենիկոլոպովը
Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` РЭШ

Ռուբեն Ենիկոլոպովը
Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` РЭШ


«Ըստ էության, տվյալների փոխանակումն այսօր շատ ավելի կարեւոր է, քան ապրանքային առեւտուրը», - ասում է Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի ռեկտոր, Իսպանիայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը:

 

Նա Հայաստանում է՝ մասնակցելու «Գիտության եւ գործարարության օրեր-2022» գիտաժողովին:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Ռուբեն Ենիկոլոպովը հանդես է եկել բաց դասախոսությամբ՝ ներկայացնելով համացանցի ու սոցիալական մեդիայի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:

 

Մեդիամաքսն առանձնացրել է դասախոսության հետաքրքիր դրվագները:

 

Ուժի ու ճնշումների փոխարեն՝ մանիպուլյացիաներ

 

Մենք մի շարք ուսումնասիրություններ ենք իրականացրել՝ պարզելու մեդիայի, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի ազդեցությունը քաղաքական գործընթացների ու մարդկանց վարքագծի վրա:

 

Սա կարեւոր է հատկապես հիմա, քանի որ տեսնում ենք՝ որոշ ավտորիտար ռեժիմեր իշխանությունը պահելու համար այլեւս չեն կիրառում 50 տարի առաջ կիրառվող միջոցները: Ստելու, ուժ կամ ճնշումներ կիրառելու փոխարեն՝ այս ռեժիմներն առավել շատ սկսել են կիրառել տեղեկատվական մանիպուլյացիաներ: Նրանք մանիպուլացնում են մարդկանց կարծիքը զանգվածային լրատվության միջոցներով: Մենք փորձում ենք հետեւել ու վեր հանել մեդիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունները:

 

Սոցմեդիայի հասանելիությունն ու տեղեկատվության հորիզոնական հոսքը

 

Նախ, պետք է առանձնացնենք ավանդական ու սոցիալական մեդիայի տարբերություններն ու դրանց հետեւանքները:

 

Ի տարբերություն ավանդական մեդիայի՝ սոցիալական մեդիան առավել հասանելի է. յուրաքանչյուրը կարող է հրապարակում անել:

 

Երկրորդ՝ սոցիալական մեդիան հիմնվում է հենց դրա օգտատերերի ստեղծած բովանդակության վրա, այսինքն՝ գրողը, ընթերցողն ու տեղեկատվություն տարածողը նույն մարդն է: Սոցիալական մեդիայի դեպքում տեղի է ունենում տեղեկատվության հորիզոնական տարածում, այն դեպքում, երբ ավանդական մեդիան տեղեկատվությունը տարածում է ուղղահայաց՝ խմբագիրներից՝ ընթերցողին:

Ռուբեն Ենիկոլոպովը Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` РЭШ

Այս երկու տարբերությունները մի շարք հետեւանքներ ունեն:

 

Քանի որ սոցիալական մեդիան առավել հասանելի է՝ այն գրաքննելն իսկապես շատ դժվար է: Կարող ես վերահսկել դրա այս կամ այն հատվածները, բայց ամբողջական վերահսկողությունը ծայրահեղ բարդ է:

 

Այո, կան երկրներ, որոնցում փորձում են սահմանել այս վերահսկողությունը, օրինակ՝ Չինաստանում, բայց դրա վրա մեծ ռեսուրսներ են ծախսվում: Չինաստանի դեպքում, նույնիսկ, սոցիալական մեդիայի ամբողջական վերահսկողությանը հասնելն անհնար է, որովհետեւ շատերը կիրառում են VPN-ի նման գործիքներ ու շրջանցում խոչընդոտները: Սրան զուգահեռ, ավտորիտար ռեժիմները վերջին տարիներին հաջողությամբ գրաքննում են ավանդական մեդիան. անհրաժեշտության դեպքում՝ հնարավոր է գնել բոլոր հեռուստաալիքներն ու թերթերը, սոցիալական մեդիայի դեպքում՝ սա անհնար է:

 

Ավանդական լրատվամիջոցի վերահսկողության մի շարք օղակներ կան՝ մեծ կորպորացիաները, որոնց մաս է կազմում լրատվամիջոցը, դրա սեփականատերը, գովազդատուները, բոլորը կարող են այս կամ այն կերպ ազդել մեդիայում ստեղծվող բովանդակության վրա:

 

Սոցիալական մեդիայի դեպքում, ինչպես ասացի, «ձայնի հնարավորություն» են ստանում բոլորը: Ու եթե, օրինակ, ավտորիտար ռեժիմների դեպքում սա կարող է լավ հարթակ լինել ընդդիմադիրների համար, որոնց համար ավանդական մեդիան անհասանելի է, ապա բազմաթիվ դեպքերում սոցմեդիան կարող է «ձայն տալ» նաեւ ծայրահեղականներին: «Իսլամական պետությունն», օրինակ, շատ ակտիվ օգտագործում էր սոցիալական մեդիան մարդկանց ներգրավվելու, իր գաղափարախոսությունը տարածելու համար:

 

Սոցմեդիայում տեղեկատվության հորիզոնական հոսքի արդյունքն այն է, որ մարդիկ դրա շնորհիվ կարող են համախմբվել տարբեր հարցերի շուրջ ու ինչպես նշեցի, դրանք կարող են լինել ինչպես քաղաքական ցույցեր, այնպես էլ՝ տարատեսակ ծայրահեղական գործողություններ:  

 

Fake news-ն ու էմոցիաները զսպող պատուհանը

 

Սոցիալական մեդիայի հասանելիությունը եւս մեկ հետեւանք ունի: Եթե տեղեկատվություն կարող են ստեղծել ու տարածել բոլորը, դրա որակը վերահսկելը չափազանց բարդ է:

 

Երբ տեղեկատվություն ես տարածում անվանի մի թերթով, քեզ համար շատ կարեւոր է պահպանել բարի համբավդ: Սա կարեւոր է նաեւ տնտեսական տեսանկյունից՝ գործընկերներիդ համար պետք է վստահելի լինես, հետեւաբար՝ վերահսկես տեղեկատվության որակը:

Ռուբեն Ենիկոլոպովը Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` РЭШ

Սոցիալական մեդիայի դեպքում լուրջ խնդիր է կեղծ լրատվության՝ fake news-ի տարածումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ fake news-ն իրական լրատվությունից ավելի արագ է տարածվում ու հասանելի է դառնում ավելի մեծ թվով մարդկանց: Նախ, այս նորությունները հիմնականում շատ էմոցիոնալ են ու դրանք կարդալիս աշխատում է մեր ուղեղի՝ էմոցիաների համար պատասխանատու հատվածն ու ասում՝ «պետք է կիսվել սրանով», կիսվելուց հետո միայն՝ սկսում են աշխատել ուղեղի վերլուծական դաշտերն ու մարդը մտածում է՝ «ախր քիչ հավանական է, որ սա իրական լինի», սակայն նա արդեն տարածել է այդ տեղեկատվությունը: Արագ տարածման երկրորդ գործոնը տեխնիկապես «հեշտ կիսելի» լինելն է, այս կամ այն տեղեկատվությունը տարածելու համար բավարար է միայն սեղմել «share» կոճակը:

 

Տեխնիկապես կարելի է մի լուծում մտածել, երբ ցանկանաք կիսվել այս կամ այն նորությամբ, հայտնվի պատուհան, հարցով՝ «դուք իսկապե՞ս ցանկանում եք կիսել այս նորությունը»: Այս փոքրիկ քայլը ձեզ մի քանի վայրկյան կտա, որպեսզի զսպեք էմոցիաները, միացնեք վերլուծական կարողությունները, ինչը կարող է նվազեցնել կեղծ լրատվության տարածումը:  

 

Ֆիլտրված ինֆորմացիոն փուչիկը, բեւեռացումն ու «պրո-իշխանական» սոցմեդիան

 

Հոգեբանորեն մարդը սիրում է ստանալ տեղեկատվություն, որը հաստատում է իր՝ նախապես ունեցած համոզմունքները, եւ չի սիրում սպառել ինֆորմացիա, որը նոր է կամ կարող է այս կամ այն կերպ փոխել իր համոզմունքը: Եթե ավանդական մեդիայի դեպքում կա, օրինակ, չորս հեռուստաալիք, որոնցից երեքի մատուցած տեղեկատվությունը համընկնում է ձեր համոզմունքների հետ, իսկ չորրորդինը՝ տարբերվում է դրանցից, փոքր հնարավորություն կա, որ վերջինն ինչ-որ կերպ, գուցե, փոխի ձեր կարծիքը: Սոցիալական մեդիայի դեպքում իրավիճակն այլ է: Առաջարկվում են տեղեկատվության հարյուր հազարավոր աղբյուրներ, այնպես որ դուք կարող եք հետեւել մարդկանց ու աղբյուրներին, որոնց համոզմունքները համընկնում են ձերի հետ: Արդյունքում վտանգ կա հայտնվել «ֆիլտրված ինֆորմացիոն փուչիկում», ինչն էլ հանգեցնում է սոցմեդիայում քաղաքական հայացքների էլ ավելի մեծ բեւեռացմանը: Անընդհատ կարդում եք մեծ քանակի տեղեկատվություն, որը հաստատում է՝ դուք ճիշտ եք, նրանք՝ սխալ:

Ռուբեն Ենիկոլոպովը Ռուբեն Ենիկոլոպովը

Լուսանկարը` РЭШ

Քաղաքական առումով այստեղ հետաքրքիր նրբություն կա: Քանի որ սոցիալական մեդիայում հասանելի են ընդդմիադիր հայացքները ու սխալ չէ կարծիքը, որ սոցիալական մեդիան մարդկանց ավելի ընդդիմադիր է դարձնում, թվում է՝ այն պետք է բացասական ազդի իշխանություններին աջակցողների թվի վրա: Իրականում՝ ոչ: Սոցիալական մեդիայում բեւեռացումը նկատվում է երկու ուղղություններով էլ: Այն ավելացնում է մարդկանց թիվը, որոնք աջակցում են իշխանությանն ու ավելացնում է մարդկանց թիվը, որոնք ատում են այն:  

 

Համակարգվում են նաեւ ծայրահեղականները

 

Սոցիալական մեդիան մարդկանց համակարգելու կարեւոր գործիք է, բայց սա վտանգավոր միտում ունի: Մարդիկ կարող են համախմբվել ինչպես դրական, այնպես էլ բացասական ու ծայրահեղական գաղափարի շուրջ: Սոցիալական մեդիան կարող է գործիք դառնալ ծայրահեղականների ձեռքում: Հստակ է, որ օնլայն հարթակում շատ ավելի հեշտ է հայտնել սեփական խիստ ազգայնական, ռադիկալ հայացքները: Քիչ հավանական է, որ իրական կյանքում որեւէ մեկը կխիզախի ասել՝ «ես ատում եմ իմից բացի, մյուս բոլոր ազգությունները, եկեք վերացնենք բոլորին»: Ձեզ կանհանգստացնի՝ ինչպես մարդիկ կարձագանքեն ձեր այս հայտարարությանը: Սոցմեդիայում նման հայտարարություն անելն ավելի հեշտ է, քանի որ ձեզ հետ անհամաձայն մարդիկ հիմնականում կանտեսեն գրառումը, փոխարենը՝ կարձագանքեն ու կմիանան նրանք, ովքեր կիսում են այդ կարծիքը:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին