Մեկնարկել է «հայկական» Ֆեսյբուքում փաստերի ստուգման գործընթացը - Mediamax.am

exclusive
1280 դիտում

Մեկնարկել է «հայկական» Ֆեսյբուքում փաստերի ստուգման գործընթացը


Գեղամ Վարդանյանը
Գեղամ Վարդանյանը

Լուսանկարը` «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»

Գեղամ Վարդանյանը
Գեղամ Վարդանյանը

Լուսանկարը` «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»


Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված վրացական FactCheck Georgia-ն հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ մեկնարկել են Facebook եւ Instagram սոցիալական ցանցերում հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգումը:

 

«Համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ եւ, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, մենք որոշել ենք ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաեւ Հայաստանում», - օրերս հայտարարել էին Facebook-ում՝ նշելով, որ փաստերի ստուգման գործընթացը կատարվելու է հունիս-հուլիս ամիսներին։

 

Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ինչ սկզբունքով են աշխատում փաստերի ստուգողները եւ ինչպես են կայացվում վճիռները, որից հետո Facebook-ը ցանցում կատարում է իր գործողությունները։

 

Փաստերի ստուգման մեթոդաբանությունը

 

FactCheck Georgia-ի կայքում հրապարակված է մեթոդաբանությունը, որում նշվում է փաստ-մետրի աշխատանքի երեք հիմնական սկզբունքները․

 

1. Ճշմարտության որոնում՝ Փաստ-մետրի հիմնական նպատակ է ցույց տալ ընթերցողին, թե որտեղ է ճշմարտությունը,

2. Աղբյուրների թափանցիկություն՝  հոդվածում օգտագործված բոլոր աղբյուրների հղում,

3. Բազմակի ստուգում՝ փաստերի, տվյալների ստուգում որքան հնարավոր է շատ անգամ եւ որքան հնարավոր է շատ աղբյուրների միջոցով:

 

Փաստ-մետրի ամենօրյա գործողությունները, ըստ մեթոդաբանության, մի քանի քայլերի է բաժանված։  

 

Քայլ 1. Ստուգելու ենթակա հայտարարությունների ձեռք բերում. Փաստ-մետրի վերլուծաբանները յուրաքանչյուր հայտարարության մեջ փորձում են գտնել բաղադրիչ, որը ենթակա է ստուգման: Վերլուծաբանների աշխատանքի հիմնական սկզբունքը փաստի եւ կարծիքի հստակ տարանջատումն է:

 

Քայլ 2. Ստուգելու ենթակա թեմաների ընտրություն. դա կատարվում է մի քանի սկզբունքներով, որոնցից են՝ հայտարարության ստուգելիության, հանրային հետաքրքրություն, հակասական հարցեր, հայտարարություններ, որոնց մասին ակտիվորեն խոսում են սոցիալական ցանցերում (Facebook, Twitter եւ այլն) կամ որոնցում բարձրաձայնվում են վիճակագրական տվյալները, հավասարակշռության պահպանում եւ այլն։

 

Քայլ 3. Փաստերի ստուգում եւ հոդվածի պատրաստում. երբ ստուգման ենթակա հարցն ընտրվել է, սկսվում է նոր՝ բավականին բարդ փուլ`փաստերի ստուգում կամ Fact-Checking հոդված պատրաստելը:

 

Քայլ 4. Վերջնական եզրակացության եւ վճռի գնահատում։ Փաստ-մետրի վճիռներին եւ մեթոդաբանության այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

Հայաստանյան փաստեր ստուգողները

 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ Facebook-ը փաստերի ստուգում իրականացնում է՝ արձագանքելով սոցցանցում կեղծ տեղեկատվության մասին օգտատերերի բողոքներին։  

 

«Սոցցանցն ինքնուրույն չի կարող որոշումներ կայացնել կամ փաստերի ստուգման մեծ թիմ պահել, ինչի համար էլ աշխատում է անկախ փաստեր ստուգողների հետ։ Բովանդակության ստուգման համար ընկերությունն աշխատում է միայն այն կազմակերպությունների հետ, որոնք IFCN-ի անդամ են։ Հայաստանում IFCN-ի անդամ չկա, ինչի համար էլ այս երկու ամսվա աշխատանքն անում ենք վրաստանյան գործընկերների հետ։ Փաստերի ստուգումը եւ հոդվածի պատրաստումն անում է մեր թիմը, հոդվածը հրապարակվում է Media.am-ում եւ Factcheck.ge-ում, իսկ որոշումները կայացնելիս Facebook-ը հղումը տալիս է վերջինին»,- ասել է Գեղամ Վարդանյանը։

 

Հայաստանյան փաստ-մետրերի խումբն արդեն գործում է, եւ սոցցանցերի հայկական տիրույթում կարելի է տեսնել «կեղծ տեղեկատվություն» շղարշով բովանդակություն։ Շղարշից բացի՝ սոցցանցը նաեւ կարող է իջեցնել բովանդակության ցուցադրելիությունը։

 

Այդպես, օրինակ, փաստեր ստուգող թիմի կողմից ստուգվել է «սունկ» կայքերում տարածված տեղեկատվությունը, թե իբր Չինաստանը հայտարարություն է արել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, որում նաեւ «իր օգնությունն է առաջարկել Երեւանին»։ Այդ բովանդակությունը Facebook-ն արդեն ծածկել է «կեղծ տեղեկատվություն» շղարշով, եւ այդ «վերդիկտի» հիմքը Factcheck.ge-ի հոդվածն է։

 

Գեղամ Վարդանյանը նշել է, որ IFCN-ի անդամ բոլոր կազմակերպությունները գործում են թափանցիկ, իրենց կայքերում մանրամասն ներկայացված են մեթոդաբանությունը, վճիռները, որովհետեւ հնարավոր է, որ փաստերի ստուգման արդյունքում կայացված վճիռները կայքերը վիճարկեն, եւ այդ դեպքում հիմնավորումները պետք է փաստարկված լինեն։  

 

Ստուգման ոչ ենթակա բովանդակությունը

 

Հայկական տիրույթում փաստերի ստուգման գործընթացը թեեւ իրականացվելու է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շրջանում, բայց Գեղամ Վարդանյանն այստեղ պարադոքսալ բան է առանձնացնում։

Գեղամ Վարդանյանը Գեղամ Վարդանյանը

Լուսանկարը` «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»

Քաղաքական գործիչների, մեր դեպքում նաեւ՝ թեկնածուների գրառումներն ու տարածած տեղեկությունները ստուգման ենթակա չեն, եւ նրանց տարածած բովանդակության վրա զգուշացնող նշում չի կարող հայտնվել։

 

«Facebook-ի կանոններով քաղաքական խոսքը չի կարող ստուգվել, որովհետեւ Facebook-ը գնահատում է քաղաքական խոսքը, խոսքի ազատությունը՝ հիմք ընդունելով այն, որ քաղաքական գործիքներն ավելի պատասխանատու են իրենց խոսքում։ Ծիծաղելի է հնչում, բայց այդպես է։ Փաստացի, այս ծրագրով չենք կարող քաղաքական գործիչների խոսքը ստուգել, եւ քաղաքական գործչի տարածած նույնիսկ սուտը չի ունենա զգուշացնող նշում։ Այս հարցի շուրջ բանավեճերն ամբողջ աշխարհում կան»,- ասել է Գեղամ Վարդանյանը։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին