Վագոն-տնակից մինչեւ հաջողության ուղին, որ գծվեց մաթեմատիկայով - Mediamax.am

exclusive
19358 դիտում

Վագոն-տնակից մինչեւ հաջողության ուղին, որ գծվեց մաթեմատիկայով


Գոռ Վարդանյանը
Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Վարդանյանը
Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Վարդանյանը
Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Վարդանյանը
Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների եւ հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

 

Մեդիամաքսը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է մաթեմատիկայի երկիր Հայաստանում տվյալ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի, որպեսզի հայ երիտասարդներն ընտրեն այս մասնագիտությունը:

 

*** 

 

4-րդ դասարանում մաթեմատիկայի ուսուցչի առաջարկը որոշեց Գոռ Վարդանյանի ամբողջ ապագան։ Ուսուցիչը դպրոց էր հրավիրել Գոռի ծնողներին, մայրը կարծել էր, թե տղան որեւէ վատ բան է արել։ Բայց ուսուցիչը նրան այլ բան ուներ ասելու. նա առաջարկել էր Գոռին տանել Գյումրիի մաթեմատիկայի օլիմպիադային։ 

 

«Թեպետ մաթեմատիկայից ուժեղ էի, բայց, անկեղծ ասած, մինչեւ 4-րդ դասարան այնքան էլ լավ չէի սովորում, եւ ինձ համար զարմանալի էր այդ առաջարկը։ Քաղաքային օլիմպիադայում հաղթեցի։ Դա ինձ շատ ոգեւորեց։ Հետո շատ օլիմպիադաների մասնակցեցի, լավ արդյունքներն ինձ միշտ մոտիվացնում էին։ Մաթեմատիկական տարբեր հետաքրքիր խնդիրների գրքեր ունեինք, եղբորս հետ, ով շատ ավելի ուժեղ էր մաթեմատիկայից, տարված էինք դրանցով։ 1990-ականներն էին, Գյումրիում՝ վագոն-տնակում էինք ապրում, լույս չկար, զբաղմունք՝ եւս, մեր հիմնական ժամանակը մաթեմատիկական խնդիրներ լուծելով էինք անցկացնում։ 4-5-րդ դասարանից մտածում էի, որ պիտի գիտնական դառնամ»,- պատմում է Գոռ Վարդանյանը՝ ավելացնելով, որ հիմա ինքն իր երեխաներին է խրախուսում մասնակցել օլիմպիադաներին։ 

 

Գոռ Վարդանյանը երկու հաջողված ընկերություն ունի՝ Fimetech-ի հիմնադիրն է, Chessify-ի համահիմնադիրը։ 

 

Քաղած առաջին դասերը

 

Բուհ դիմելիս կանգնել էի ընտրության առաջ. հարցազրույցով կարող էի անվճար ընդունվել ԵՊՀ մաթեմատիկայի կամ Ֆիզիկայի ֆակուլտետ, բայց Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընտրեցի եւ պետք է քննություն հանձնեի։ Տանը նույնիսկ վեճ եղավ, վախենում էին, քանի որ կրկնուսույցի մոտ չէի պարապել, եւ եթե չկարողանայի բարձր գնահատականներ ստանալ, վճարովի համակարգ կընդունվեի։ Այդ դեպքում հաստատ չէի կարողանա բուհ գնալ։ Բայց ես անկոտրում էի, ռիսկի դիմեցի։ Երկու 20-ով ընդունվեցի իմ ընտրած ֆակուլտետը։ 

Գոռ Վարդանյանը Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալսարանում նույնպես բավական լավ եմ սովորել, բայց ուսումնական ծրագիրը, ի տարբերություն արտասահմանյան բուհերի, ինտենսիվ չէր։ Դա մի քիչ հիասթափեցնող էր, եւ դեռ այդ ժամանակից նպատակ էի դրել, որ պետք է բուհերում կրթության որակը փոխել այնպես, որ ուսանողները դասերին ժամանակ չունենան այլ բանով զբաղվելու։ Ամեն ինչ փոխվեց, երբ մագիստրատուրայում իմ ղեկավարը դարձավ Ստեփան Մարկոսյանը։ Նա մարդկային առումով ինձ շատ բան սովորեցրեց, նաեւ մի քիչ «մեղավոր է», որ ես գիտության ճանապարհով չգնացի։ Երբ նրան դիմեցի, որ ասպիրանտուրայում եւս ղեկավարի աշխատանքս, ասաց. «Ո՛չ, դու պիտի կիրառական ճանապարհով շարունակես, աշխատես։ Հայաստանում գիտությամբ պիտի միայն հարուստները զբաղվեն, ովքեր ֆինանսական խնդիրներ չունեն։ Իսկ քո առաջին աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան այստեղի պրոֆեսորների մեծ մասինը»։ Մեր ընտանիքը ֆինանսապես վատ վիճակում էր, եւ ես ընտրեցի կիրառական ուղին, ու եղավ այնպես, ինչպես ղեկավարս էր ասել։ Բայց նրա խոսքերը շատ ազդեցին եւ նպաստեցին կրթության ու գիտության ոլորտին աջակցելու կարեւոր որոշումների կայացմանը։

 

Հաջողված բիզնեսը՝ մաթեմատիկական հիմքով

 

Ծրագրավորում շատ չեմ սիրել։ Մաթեմատիկան ինձ համար ավելի հետաքրքիր է եղել։ Իմ առաջին աշխատանքը EDA-ի (Electronic design automation) ոլորտում էր,  երբ 2005թ. աշխատանքի ընդունվեցի «Ինսթիգեյթ» ընկերությունում։ Այդ աշխատանքս ավելի շատ մաթեմատիկայի հետ էր կապված։ 

 

2010-2011թթ. մի ստարտափի վրա աշխատեցի Սիլիկոնային հովտում, եւ երբ որոշեցի վերադառնալ Հայաստան, հիմնադրեցինք Fimetech ընկերությունը, որն արտասահմանից «աութսորս» ծրագրեր է բերում եւ իրականացնում։ Հիմա արդեն 25-հոգանոց թիմ ունենք։ 

 

Մեր ընտանիքում շատ լավ շախմատ գիտեն եւ սիրում են։ Եղբայրս պրոֆեսիոնալ շախմատիստ է, երեխաներս շախմատ են պարապում, եւ այդ ուղղությամբ էլ որոշեցինք որեւէ բան հիմնել։ Հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ 2017-ին Chessify-ը հիմնադրեցինք. այն շախմատի եւ արհեստական բանականության համադրություն է, հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը եւ այլն։

 

Անձնական պարտավորությունը

 

Իմ ամբողջ ճանապարհին մաթեմատիկան շատ է օգնել ինձ։ Հայաստան վերադառնալուց հետո ներքին պարտավորություն էի զգում՝ այնպես աջակցել կրթական ոլորտին, որ Հայաստանում գոնե մեկ բուհ լինի, որտեղ, օրինակ, իմ տղան ապագայում կուզենա սովորել արտասահմանում կրթություն ստանալու փոխարեն։ Ո՞ւմ պարտականությունն է այնպես անել, որ մենք նման բուհ եւ լավ կրթական համակարգ ունենանք, իհարկե՝ պետության։ Իսկ պետությունը ո՞վ է՝ մենք ենք։ 

Գոռ Վարդանյանը Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բուհն ավարտելուց հետո միշտ մտածել եմ, որ գիտնական չդարձա, բայց իմ հնարավորությունների սահմանում ապագայում պետք է այնպես անեմ, որ երիտասարդ տղաներն ու աղջիկները Հայաստանում հնարավորություն ստանան գիտությամբ զբաղվելու եւ պարտադիր չլինի ինդուստրիայում աշխատել, որպեսզի գումար վաստակեն։ 

 

Երկու տարի դիսկրետ մաթեմատիկա եմ դասավանդել ԵՊՀ-ում, վեց տարի էլ մեքենայական ուսուցում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Այժմ ներգրավված եմ կրթական ոլորտի տարբեր ծրագրերում եւ միշտ փորձում եմ դրանց համար ժամանակ ու ռեսուրսներ գտնել։ 

 

Դպրոցական մաթեմատիկայի մակարդակից շատ չէի դժգոհի։ Իմ տղաները հանրակրթական դպրոցում են սովորում, եւ բավական լավ մակարդակի վրա է մաթեմատիկան։ Իհարկե, կան խնդիրներ, բայց դասագրքերը շատ դեպքերում վատը չեն։ Վատ վիճակում է բուհական մաթեմատիկան, ժամանակին համահունչ չի զարգանում, լավ մասնագետները քիչ են, երիտասարդ կադրերը՝ եւս։ Եթե որեւէ բան փոխելու լինեի, առաջինը համալսարաններից կսկսեի, որովհետեւ դպրոցից դուրս եկող աշակերտի գիտելիքը բավարար է, որ միջին մակարդակի համալսարանում սովորելու դեպքում անհամեմատ բարձր ցուցանիշներ ցույց տա։

 

Արհեստական բանականության հայաստանյան ապագան

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այժմ ավելի շատ հետաքրքրություն կա դեպի տվյալների գիտությունը, մեքենայական ուսուցումը եւ ընդհանրապես արհեստական բանականությունը։ Հիշում եմ, թե ինչպես է 1990-ականների վերջից զարգացել ու մեծ թափ հավաքել IT ոլորտը: Հիմնականում EDA-ի ուղղությունն էր, որը աշխարհում այն ժամանակ IT ոլորտի մոտ 3 տոկոսն էր կազմում։ Այսինքն՝ մենք շատ լավ էինք IT-ի մի ուղղությամբ, որն այնքան էլ մեծ տոկոս չէր կազմում, ի տարբերություն web կամ mobile տեխնոլոգիաների։ Ես դեռ այն ժամանակ էի մտածում, թե ինչու է դա այդպես, ու պատասխանը երեւի մեկն է՝ մեզ մոտ շատ ուժեղ է արմատավորված մաթեմատիկան։ 

Գոռ Վարդանյանը Գոռ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ոլորտը սերտ կապված է մաթեմատիկայի այն ուղղությունների հետ, որոնց դպրոցը Հայաստանում շատ լավ, զարգացած մակարդակում է դեռ Խորհրդային միության տարիներից։ Այդ ոլորտում գործող ցանկացած ընկերություն  եւ մարդ գիտեր Հայաստանի տեղը։ Հիմա աշխարհը արհեստական բանականության զարգացման փուլում է, եւ մենք լավ ազդակ ունենք, որ դրանից սկսենք «պտուղներ քաղել», որովհետեւ ունենք այդ գիտելիքները, եւ շուկան անհամեմատ ավելի մեծ է, քան EDA-ինը։ Եթե լուրջ հաջողություն ունենանք արհեստական բանականության ոլորտում, դա մեծ առաջընթաց կլինի։ Մեր ստարտափները շատ լավ օրինակ են: Եթե դրանցից գոնե մեկը մեծ հաջողություն ունենա եւ ներգրավվի առաջին 100 մլն կամ 1 մլրդ դոլարը, Հայաստանում մեծ բում կլինի։ Դրա համար պետք է համալսարանները ճիշտ ուղղությամբ զարգացնել։ Հիմա կան բուհեր, որոնք ունեն տվյալագիտության, մեքենայական ուսուցման ծրագրեր, եւ պետք է լավ մասնագետներ ու գիտնականներ պատրաստել։ 

 

 

Մենք YerevaNN AI լաբորատորիան ունենք, որի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ։ Դա հիմա միակ լաբն է, որ զարգացնում է արհեստական բանականությունը գիտական մակարդակում։ Պետության կողմից բավարար աջակցություն չկա, ցավոք։ Կրթական եւ գիտական ոլորտում այդ աջակցությունը շատ կարեւոր է եւ պետք է փոխել ներկա մոտեցումը։ 

 

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին