Լիլիթ Բարսեղյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

2138 դիտում

Լիլիթ Բարսեղյան. «Անհավանական բարի պատմությունը»



Օբի պապին հիվանդացել էր։

 

55 տարի Ռոբերտ Բարսեղյան էր ապրել, 57-ում դարձել Օբի պապի։ Ռոբերտ կրտսերի լեզվով Լուսինեն Սուսիսի էր դարձել, Անյա տատին՝ Անա տատա, Ատու պապ, Հայո մամա, աչի Լյո։ Օբը փոխել էր ոչ միայն մեր անունները, այլև մեր իրերի նշանակությունները։ Օրինակ՝ իմ կոշիկները մի օր նավ էին, մի օր՝ տանկ, որով նա գնում էր պատերազմ, ու իր տանկը (աջ ոտքի կոշիկը) հաղթում էր թշնամու տանկին (Սուսիսիի բարձրակրունկների ձախին)։ Իմ գլխարկները դառնում էին տարբեր բաներ՝ վահան, գիշերաթասիկ, աման-չաման, սուրճի բաժակները դառնում էին շենքի քարեր, իսկ երբ շենքը բարձրահարկ էր լինում, բաժակներից մնում էին ծեփիկները։ 

 

Մենք մեր նոր կյանքին հարմարված ապրում էինք, երբ Օբի ավագը մի օր հարբուխ ընկավ։ 

 

Ճաշի ժամին, պաչի ժամին, թոռան արթնանալու ու լկստվելու ժամին էդ օրը ընդմիջման եկավ։ Օբի կրտսերը դեռ քնած էր… ոչ ճաշելու ախորժակ կար, ոչ լկստվելու։ Պապը ջերմության մեջ նստած սպասել էր թոռան արթնանալուն։ Սպասելուց աչքը կպել էր։ Կպել էր՝ պառկել էր։ Պառկել էր, թե չէ, քնել էր։ Ամեն մեկս մեր գործով՝ չէինք նկատել, որ Օբի պապին բաց է քնել։ Ես աշխատանքից էի ուշանում, Հայո մաման՝ բժշկից, Անա տատան գազի կնոջն էր ճանապարհում, Ատու պապան գործնական զանգ էր գոռգոռում, Սուսիսին, որ Ռոբի հավերժ դատապաշտպանն է, տանը չէր։

 

Օբին արթնացել, օրորոցից իջել, վազել էր պապի մոտ։ Պապը՝ քնած, մեջքը՝ բաց։

Ու սկսվել էր... Վազել էր Հայո մամայից վերմակ ուզելու։ Հայոն ուշանում էր, Ռոբին «զոռով» հագցրել, ուղարկել էր ինձ մոտ։ Տեսնեմ՝ Ռոբն անկողնու ծածկոցն է քաշում, ջղայինացա։ Ախր հազար անգամ ասել էինք՝ չքանդես անկողինը։ Ուղարկեցի տատի մոտ։ Անա տատան ջղայինացել էր. «Ռոբ, չես տեսնո՞ւմ՝ խոսում եմ»։ Ատու պապան արդեն լարված էր... գործնական գոռգոռոցի տակ էր ընկել նաև Ռոբը։

 

Մնացել էր մեն-մենակ։ Ինքն ու պապի մրսելու վտանգը դեմ առ դեմ։ Մնացածն արդեն աչքիս առաջ եղավ։ Ռոբը կրկնեց շրջանակը։ Անա տատա, Հայո, Ատու, երբ եկավ մոտս, նայեց անկողնու ծածկոցին, զգաց, որ էլի կխոսեմ վրան։ Ես արդեն լուռ հետևում էի։ Մռութները կախեց, ուսերն ընկան ներքև, գնաց պապի մոտ։ Փոքր երեխեքին հատուկ ձևով, միայն ու միայն իրենց ոճով շոյեց պապի դեմքը, համբուրեց ձեռքը, մի կերպ բարձրացավ, պառկեց պապի մեջքին, դարձավ ծածկոց ու իրենով ծածկեց պապին….

 

…իհարկե Օբի պապին հետո վեր էր թռնելու ու արթնանալ չսիրող տղամարդու պես ջղայինանալու էր իրեն արթնացնողի վրա….

 

…կինոներում անգամ սիրած մարդու մեջքն էդքան դրամատիկ չեն պաշտպանում։ էս ամենը տեղի ունեցավ 3 րոպեում…. Օբ_Ռոբ Բարսեղյանը 180 վայրկյանում հաղթեց մեզ՝ մեծերի ու փոքրերի հավերժ պայքարում։ Նա ծնկի բերեց բոլորիս ու 2 տարեկանի բառապաշարով պատմեց նոր սիրո մասին։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին