Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը «չի կարող օգտագործվել ԼՂ կարգավիճակի փոփոխման համար», պնդում են միջնորդները - Mediamax.am

3199 դիտում

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը «չի կարող օգտագործվել ԼՂ կարգավիճակի փոփոխման համար», պնդում են միջնորդները


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի շահագործումը «չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման պահանջներին աջակցելու համար» եւ կոչ են արել կողմերին գործել միջազգային օրենքի եւ իրենց տարածքի վրայով թռիչքների իրականացման գործող պրակտիկայի համաձայն:

Այդ մասին ասվում է դեսպաններ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի հայտարարության մեջ, որ հրապարակվել է հուլիսի 13-ին` Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու նրանց կատարած այցի արդյունքներով: 

 

«Բոլոր հանդիպումների ժամանակ համանախագահները վերահաստատեցին իրենց երկրների վճռական նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես ընդգծված էր եռանախագահ երկրների առաջնորդների կողմից Լոս-Կաբոսում հուլիսի 18-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ», - ասվում է միջնորդների հայտարարության մեջ:

 

«Համանախագահները հայտնել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում եւ սահմանում վերջին դեպքերի կապակցությամբ եւ կրկին ընդգծել, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը կարող է լավագույնս արտահայտվել մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալուց, 1994թ. զինադադարի պայմանագիրը հարգելուց եւ թշնամական հռետորությունից ձեռնպահ մնալուց:

 

Ինչ վերաբերում է օդանավակայանի բացման թեմային վերաբերվող հրապարակումներին, համանախագահները կողմերից ստացան նոր երաշխիքներ այն մասին, որ նրանք մերժում են ուժի կիրառման սպառնալիքները քաղաքացիական օդանավերի դեմ, կանդրադառնան այդ հարցին միայն դիվանագիտական քայլերի միջոցով եւ զերծ կմնան խնդիրը քաղաքականացնելուց: Համանախագահները վերահաստատեցին, որ օդանավակայանը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման պահանջներին աջակցելու համար եւ կոչ արեցին կողմերին գործել միջազգային օրենքի եւ իրենց տարածքի վրայով թռիչքների իրականացման գործող պրակտիկայի համաձայն», - ասված է հայտարարության մեջ:

 

Եռանախագահները նախատեսում են կրկին առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի նախապատրաստեն համատեղ հանդիպում սեպտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին