Սամանթա Փաուեր. Անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում «անկախ աչքեր» լինեն - Mediamax.am

2029 դիտում

Սամանթա Փաուեր. Անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում «անկախ աչքեր» լինեն


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն այսօր Կոռնիձորում ասել է, որ բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի անկախ դիտորդները եւ հումանիտար կազմակերպությունները կարողանան հասանելիություն ստանալ եւ տեղում աջակցություն ցուցաբերեն ծանր կարիքների մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող սահմանային հատվածում տված մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդգծել է, որ շատ քաղաքացիական անձինք կան Լեռնային Ղարաբաղում, որոնք տարհանման կարիք ունեն եւ «անհրաժեշտ է, որպեսզի նրանց տարահանումն անմիջապես կազմակերպվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

 

«Ծանր է լսել, տեսնել, այն ամենն, ինչի միջով անցնում են այս ընտանիքները։ Շատերն իրենց համայնքներից հեռացել են հրետակոծության ներքո։ Շատերը, որ հասել են այստեղ, ինչպես մեզ ասացին բժիշկները, ծանր թերսնուցումից են տառապում»,- ասել է նա։

 

Սամանթա Փաուերն ընդգծել է, որ տեղահանված անձինք ցանկություն են հայտնել իրենց տներ եւ իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություն ունենալ եւ «այդ տեղաշարժի ազատությունը բացարձակապես անհրաժեշտություն է»։

 

«Ես հանդիպեցի մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում նրանց ընտանիքի անդամները։ Կան առանց ծնողների ուղեկցության Հայաստան ժամանած երեխաներ եւ խիստ անհրաժեշտ է, որպեսզի նրանք հնարավորինս շուտ կարողանան գտնել իրենց ընտանիքներին։ Թեպետ այս պահին մեր ուշադրության կենտրոնում զրկանքների միջով անցնող մարդկանց առաջին անհրաժեշտության հարցերն են, սակայն միաժամանակ պետք է անդրադառնալ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքներին»,- ասել է Սամանթա Փաուերը։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հանձնարարականով տեղում է զրուցելու Հայաստանի իշխանությունների, հասարակական կազմակերպությունների եւ «ամենակարեւորն այն մարդկանց հետ, որոնք Լեռնային Ղարաբաղից դուրս ենք գալիս, փախուստի են դիմում այդ սոսկալի իրավիճակից»։

 

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունեն ԼՂ բնակիչները՝ հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով $‌11,5 մլն է հատկացնում է: Այս միջոցները կուղղվեն սննդամթերքից մինչեւ սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովվմանը»,- ասել է նա։

 

Հարցին, թե արդյոք այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, կարող է բնութագրել որպես էթնիկ զտումներ, Սամանթա Փաուերը պատասխանել է․

 

«Ականատեսներից լսում ենք բռնության, զրկանքների պատմություններ, Ադրբեջանի իշխանությունների հանդեպ ունեցած վախի մասին։ Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորություն ունենա լինել Լեռնային Ղարաբաղում, որովհետեւ այս պահին դեռեւս կան տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որոնք դժվարին պայմաններում են։ Դուք արդեն ականատեսն եք բռնությունից եւ զրկանքներից, Ադրբեջանի իշխանության ենթակայությամբ ապրելու վախով  փախած մարդկանց վկայությունների հավաքագրմանը։ Մեզ համար այս պահին առաջնայինն առավել խոցելի վիճակում հայտնված մարդկանց անհրաժեշտ աջակցության ցուցաբերումն է եւ ապահովումը, որպեսզի ովքեր ցանկանում են, կարողանան ապահով դուրս գալ։ Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց դեմ ուղղված գործողությունների, բռնության վերաբերյալ։ Ստացված հաղորդումները վերստին շեշտում եւ ընդգծում են, որ անհրաժեշտ է, որ անկախ աչքեր լինեն ԼՂ տարածքում եւ դա լինի հիմա»,- ասել է նա։

 

Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ-ն որպես արձագանք Ադրբեջանի գործողություններին, նա նշել է, որ հնարավոր քայլերի լայն շրջանակ է դիտարկվում։ Ըստ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի՝ թե ինքը, թե նախագահ Բայդենը շատ են կարեւորում, թե ինչ հետեւանքներ կունենա այս ամենն Ադրբեջանի համար։ Կոնկրետ ինչ տարբերակն է կիրառվելու, որոշվելու է ամերիկյան պատվիրակության վերադարձից եւ իրավիճակն ու վկայությունները ներկայացնելուց հետո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին