Երեւան։ Մեդիամաքս։ Արցախից Հայաստան տեղափոխվելու համար, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սահմանված ժամկետներ չկան:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը, սակայն առաջնահերթ Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետեւանքով տարհանված, անօթեւան մնացած եւ ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:
«Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների եւ հումանիտար բեռների ներմուծում:
Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթեւեկն ու բնականոն կենսագործունեությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց դժբախտ պատահարներից խուսափելու եւ վիրավորների կյանքը փրկելու նպատակով»,- ասված է շտաբի հայտարարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: