Արցախի նախագահի պաշտոնակատարը սթափության կոչ է արել - Mediamax.am

3693 դիտում

Արցախի նախագահի պաշտոնակատարը սթափության կոչ է արել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն այսօր սթափության կոչ է արել արցախցիներին:

Նա նշել է, որ սեպտեմբերի 9-ին Արցախի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ:

 

Արցախի ժողովրդին ուղղված Դավիթ Իշխանյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 

«Երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է խորհրդարանի վրա: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու եւ արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով:

 

Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին եւ հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները:

 

Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել եւ վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով:

 

Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը եւ որեւէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին