Երեւան։ Մեդիամաքս։ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի համակարգող Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաեւ Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է»:
Արցախի Հանրապետության հռչակման 32-ի ամյակի առթիվ արված ուղերձում Ռուբեն Վարդանյանը կեղծ է որակել այն թեզերը, «թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու»:
«Ադրբեջանի երեկվա սադրանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախը զավթելով, նրանց նպատակները շատ ավելի հեռուն են գնում: Այն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրը Արցախում, ու նաեւ Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը: Պատմական այս հանգրվանում մեզ համար ամենակարեւորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք:
32 տարի առաջ էլ հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց այն ընդունվեց, քանի որ դա էր Արցախը հայկական պահելու, Արցախի հայերի դեմ հետագա ցեղասպանական գործողությունները կանխելու եւ արժանապատիվ կյանք ապրելու միակ ճանապարհը», - ասել է Վարդանյանը:
«Մեզ պետք է, որ Հայաստանը, ողջ հայությունը սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը: Մեզ պետք է, որ ողջ հայությունը գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաեւ Հայաստանի անվտանգության ու հայկական աշխարհի պահպանության հարց է: Մեզ պետք է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթեւացմանը, այլեւ խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար», - ասված է ուղերձում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: