ՌԴ ԱԳՆ. «Լաչինի միջանցքում իրավիճակը ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հետեւանք է» - Mediamax.am

3572 դիտում

ՌԴ ԱԳՆ. «Լաչինի միջանցքում իրավիճակը ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հետեւանք է»


Լուսանկարը` TASS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետեւանք է»:

«Սա արձանագրվել է Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովին, որին մասնակցել են երկու երկրի ղեկավարները՝ 2022-ի հոկտեմբերին եւ 2023-ի մայիսին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս համատեքստում պատասխանատվություն դնելը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վրա, կարծում եմ՝ տեղին չէ, ճիշտ չէ, արդարացված չէ։

 

Խաղաղապահ անձնակազմի խնդիրը տեսնում ենք նրանում, որ Երեւանի եւ ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հետեւանքով ի հայտ եկած նոր պայմաններում տեղում հնարավոր աջակցությունը ցույց տան ղարաբաղցի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ երկխոսության համատեքստում», - պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Ռուսաստանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին ազատ արձակելու համար, ասել է Մարիա Զախարովան։  

 

Նա նշել է, որ պետք է պայմանավորվածություններն իրականացնել. «Եթե ինչ-որ բան պայմանավորվել եք, առավել եւս՝ ստորագրություններով կնքել, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով, պետք է իրականացնել, այլ ոչ թե մեկնաբանություններ անել, նոր կոնստրուկցիաներ հորինել, ներգրավել երրորդ կողմերի, արդեն նույնիսկ ոչ թե երրորդ, այլ՝ ինչ-որ հինգերորդ եւ տասներորդ:

 

Պայմանավորվածություններ կան ու դրանք պետք է կատարվեն, հենց սա է երաշխիքը։ Պետք է իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք։ Ես խոսում եմ էական հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշման 180 աստիճանով սկզբունքային փոփոխության մասին։

 

Դիրքորոշումը կտրուկ փոխվել է առանցքային, այն էլ հենց Երեւանի համար առանցքային հարցում։ Բայց սա Երեւանի հարցն է, սա իրենց ներքին որոշումների կայացման հարցն է: Բայց կան պարտավորություններ, որոնք ձեռք են բերվել եւ կնքվել ստորագրություններով։ Բայց այդ պարտավորությունները, եթե չեղյալ չեն հայտարարվել, բազմիցս վերահաստատվել են, եւ դրանց կատարումը երաշխիք է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին