Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր ասել է, որ իրենց համար «Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումն անընդունելի է»:
«Արցախն ունի մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք: Եվ այդ միջանցքով թե հումանիտար բեռներ, թե Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ անխափան երթեւեկը պետք է վերականգնվի: Սա ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված փաստաթղթով:
Ինչ վերաբերում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական թեզին, դա նորություն չէ: Ադրբեջանական կողմն արեւմտյան, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ առաջարկը ներկայացնել եւ իրականություն դարձնել:
Մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինի, որ Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են նրան, որ այդ ճանապարհի գործարկումն անընդունելի է մեզ համար մի շարք պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինը, եւ մենք երկրորդ միջանցքի հասկացություն մեզ համար չպետք է ամրագրենք»,- ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահը:
Նա նշել է, որ քաղաքական նպատակներ հետապնդելով՝ Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ «իրենք ունեն ներքին խնդիր եւ Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող առնչվել արտաքին աշխարհին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: