Լիխտենշտայնի արքայազնը կգլխավորի դեպի Արցախ մարդասիրական օդային օգնությունը - Mediamax.am

4846 դիտում

Լիխտենշտայնի արքայազնը կգլխավորի դեպի Արցախ մարդասիրական օդային օգնությունը


Լուսանկարը` Getty images


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը լավ լուրեր է հայտնել դեպի Արցախ մարդասիրական օդային միջանցքի մասին:

«Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը եւ անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ:

 

Մարդասիրական ոլորտի մեր գործընկեր շվեյցարական Impact Investing Solutions ընկերությունն իր կայքում արդեն հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Լիխտենշտայնի արքայազն Նորին Վսեմություն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա եւ նախկին ղեկավարներ եւս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված են սննդից ու դեղորայքից»:

 

Սա շատ վառ օրինակ է, որ միջազգային դերակատարները պատրաստ են իրական աջակցություն տրամադրել, եթե լիովին տեղեկացված լինեն Արցախում տիրող իրավիճակից: Այս իմաստով ակնհայտ է, որ տեղեկատվական ոլորտում մեր ամենօրյա աշխատանքն արդյունավետ է, եւ մենք բոլորս պետք է ավելի ու ավելի շատ ջանք գործադրենք, որ աշխարհն իսկապես գիտակցի, թե Արցախում հիմա ինչ է կատարվում, եւ ինչ կարող է անել նրանցից յուրաքանչյուրը»,- Ֆեյսբուքում գրել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին