Երեւան։ Մեդիամաքս։ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Հայաստանի իշխանությունները կանգնած չեն Արցախի կողքին»:
Այս մասին նա ասել է Caucasus Watch միջազգային պարբերականին տված հարցազրույցում՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը:
Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ հարցազրույցից:
Արցախի ժողովրդի վճռականությունը թերագնահատվում է
Արեւմուտքում շատ վերլուծաբաններ, հավանաբար, կարծում են, թե Բաքվի եւ Անկարայի հիմնական նպատակը Արցախն է: Անկարան եւ Բաքուն սխալմամբ կարծում են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Արցախի վրա, եւ նրանց ռազմավարական ուշադրությունը հիմա կենտրոնացած է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վրա։ Սակայն նրանք թերագնահատում են Արցախում ապրող ժողովրդի վճռականությունը։ Նրանք դժվարությամբ են հավատում, որ ժողովուրդը կդիմադրի եւ կցուցաբերի ամուր կամք՝ մերժելու իրենց պայմանները։ Միաժամանակ, պետք չէ թերագնահատել Սփյուռքի աջակցությունն Արցախին։ Մենք միայնակ չենք մեր այս ջանքերում: Արցախը Սփյուռքի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն, որ Սփյուռքը տասնամյակներ շարունակ տարատեսակ միջոցներով աջակցել է Արցախին, դրա վառ ապացույցն է։
Ստատուս քվոյի պահպանումը
Հայաստանի իշխանության փոփոխությունը կարող է քաղաքականապես սերտացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ կապերը։ Ավելի մեծ ներգրավվածություն կարող է լինել նաեւ միջազգային դերակատարների կողմից: Հետեւաբար, առաջին սցենարը, որը մենք համարում ենք միանգամայն հնարավոր՝ առաջիկա 30-50 տարվա կտրվածքով ստատուս քվոյի պահպանումն է:
Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է տեղի բնակչությունը համաձայնել ապրել Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն։ Մյուս կողմից, ճնշված Արցախը, որը կցանկանար միավորվել Հայաստանի հետ, Ալիեւի ռեժիմի համար շատ օգտակար «թրիգեր» է՝ «հավերժ ազգային արտակարգ իրավիճակի» տեսանկյունից։ Այնուհանդերձ, միավորման երազանքը շարունակում է գոյություն ունենալ։ Եթե այս հետեւությունները պահպանվեն, ապա նոր «նորմալը» կլինեն պարբերաբար տեղի ունեցող բախումները՝ հարաբերական կայունության դադարներով: Մենք դինամիկ կերպով պահպանելու ենք այս ստատուս քվոն։
Տարբեր շրջանակներում այլընտրանքային տարբեր սցենարներ են դիտարկվում, որոնք դուրս են գալիս ստատուս քվոյի պահպանման սահմաններից, այդ թվում՝ Արցախի ինտեգրումը Ռուսաստանին՝ արբանյակի տեսքով: Ռուսաստանն այսօր Արեւմուտքի հակառակորդն է, ինչն էլ ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես է Արեւմուտքը տեսնում Արցախն այս սցենարում։ Բայց մենք խոսում ենք 20 տարի հետոյի մասին։ Արդյոք Ռուսաստանը կշարունակի մնալ Արեւմուտքի հակառակորդը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Ուստի, այսպես թե այնպես, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ այդ տեղաշարժով կփոխվի նաեւ Արցախի ճակատագիրը։
Երրորդ սցենարը ենթադրում է «միջազգային մանդատ» կամ արտաքին ուժերի միջամտություն՝ անվտանգության որոշակի երաշխիքների ապահովմամբ։ Հարավային Կովկասը Արեւմուտքի եւ մնացածների կողմից մշտապես դիտվել է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի: Արեւմուտքը Ռուսաստանին է պատվիրակել Հարավային Կովկասի անվտանգությունը։ Այդ իրավիճակը հիմա կարող է փոխվել: Իրանը, ամենայն հավանականությամբ, կշարժվի տարածաշրջանում ադրբեջանա-իսրայելական դաշինքը հավասարակշռելու ուղղությամբ: Իրանն այսօր ավելի լավ հարաբերություններ ունի Անկարայի (ՆԱՏՕ-ի անդամ), քան Բաքվի հետ։ Եթե Իրանը դառնա Կովկասում անվտանգության երաշխավոր… Ինչպե՞ս կարձագանքի դրան Արեւմուտքը:
Մեր ճակատագիրն առանց մեզ չի կարող որոշվել
Անհրաժեշտ է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչպես դա եղավ 1994-ի հրադադարից հետո: Հետագայում մենք դուրս մնացինք բանակցություններից, մինչդեռ բոլոր զարգացումները փաստում են, որ մեր ճակատագիրը չի կարող առանց մեզ որոշվել:
Ադրբեջանը, ըստ էության, չի ցանկանում բանակցել Արցախի ապագայի շուրջ։ Նրանք ուզում են ամրապնդել ստատուս քվոն ու շրջել այդ էջը։ Նրանք ասում են՝ սա մեր ներքաղաքական օրակարգն է, կա՛մ ընդունեք, կա՛մ հեռացեք։ Հետեւաբար՝ նշանակություն չունի, թե որ «մեծ խաղացողն» է քննարկումներ ունենում Ադրբեջանի հետ, քանի որ Բաքվի համար Արցախի հարց գոյություն չունի։
Հայաստանի իշխանություններն Արցախի կողքին չեն
Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները կանգնած չեն Արցախի կողքին։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է՝ «մենք չենք ներկայացնում Արցախը», եւ դա թույլ դիրքորոշում է։ Սա վակուում է ստեղծում՝ հարց առաջացնելով՝ «իսկ ո՞վ է ներկայացնում Արցախը»։ Պատասխանը հետեւյալն է՝ Արցախը պետք է ի վիճակի լինի ինքն իրեն ներկայացնելու։ Սա է միակ ճանապարհը։
Գոյություն ունի պատերազմի սպառնալիք եւ ֆիզիկական անվտանգության խնդիր։ Խաղաղապահ առաքելությունից մեր ակնկալիքներն ավելին են, սակայն մանդատի սահմանափակ լինելու եւ այլ խնդիրների պատճառով մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Իրադրությունը փոխվել է։ Շփման գիծն ընդարձակվել է, դրությունը բավականին խրթին է։ Թեպետ 2000 զինվորը կարող է բավարար չլինել իրավիճակը տեղում էապես փոխելու համար, բայց նրանք ունեն զգալի ուժ, որը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ հումանիտար իրավիճակի վրա: Գուցե նրանք ի վիճակի չլինեն խաղաղություն հաստատելու, բայց նրանց ներկայությունն իրավիճակ է փոխում: Բացի այդ, նրանք տեղում են եւ իրավիճակը տեսնում են ականատեսի աչքերով։ Այստեղ անկախ լրագրողներ չկան, ուստի խաղաղապահների՝ որպես ականատեսի, վկայություններն անգնահատելի են։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: