Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ի երեկոյան հրատապ առցանց մամուլի ասուլիս է հրավիրել միջազգային եւ սփյուռքի շուրջ լրագրողների համար եւ ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը:
Ներկայացնում ենք հատվածներ Արայիկ Հարությունյանի խոսքից.
Ադրբեջանի նպատակները.
Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք նպատակներ՝ ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում եւ ուժի միջոցով փակելով հակամարտության էջը: Բռնի կերպով հպատակեցնել Արցախի ժողովրդին, կազմաքանդել Արցախը եւ դրա դիմադրողականության համակարգերը, Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով:
Անդառնալիության կետը
Շրջափակման հետեւանքով այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսեւորվում է կյանքի բոլոր ոլորտներում: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետեւանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչեւ տարեց քրոնիկ հիվանդներ:
Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Միջազգային իրավունքը որակում է նման քաղաքականությունը որպես ցեղասպանություն եւ պարտավորեցնում միջազգային հանրության բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ցեղասպանության հանցագործությունը։
Արցախը միշտ բաց է եղել
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար եւ արժանապատիվ կարգավորման: Բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձեւաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին եւ դրա լեգիտիմությունը:
Խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել եւ շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված: Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմք են ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա: Այդ սկզբունքն իր կարեւոր տեղն է ունեցել 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի խորհուրդները հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի եւ ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա:
Արցախը՝ աղետի գոտի
Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը եւ ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք եւ անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ եւ անհատական կերպով:
Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որեւէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Առանց վարանելու գործի դնել ՄԱԿ-ի համակարգը
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից ու հատկապես Ռուսաստանից ունենք պահանջներ՝ կատարելու անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում ենք, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Պահանջում եմ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարից դրսեւորել բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն եւ առաջնորդություն՝ միջազգային հանրությանը զգուշացնելու Արցախի ժողովրդի ծանր վիճակի մասին։
Պահանջում եմ պարոն Գուտերեշից առանց հապաղելու եւ առանց վարանելու գործի դնել ՄԱԿ-ի համակարգը այս ճգնաժամը լուծելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: