«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը» պահանջներ է ներկայացրել Արայիկ Հարությունյանին - Mediamax.am

1113 դիտում

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը» պահանջներ է ներկայացրել Արայիկ Հարությունյանին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման Խորհուրդն այսօր Արցախի իշխանություններից պահանջել է «անհապաղ վերանայել «Լաչինի միջանցքում» տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթեւեկի վերաբերյալ որոշումը»:

Հայտարարության մեջ հղում է կատարված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ս.թ. փետրվարի 23-ի ելույթին, որում նա, մասնավորապես, ասել էր, որ «շրջափակումը պետք է վերացվի, եւ Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որեւէ ներգրավվածության»:

 

«Հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ եւ ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:

 

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որեւէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան եւ առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝

 

- անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթեւեկի վերաբերյալ որոշումը:

 

- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երեւույթից:

 

Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին