Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ աշխարհը պետք է հասկանա, որ «մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը»:
«Դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ՝ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար: Կարեւոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, Հայաստանը, հայկական աշխարհը միանան դրան»,- ասել է նա հունիսի 1-ին «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովին:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները շարժումը սկսել են, որ համախմբվեն գաղափարի շուրջ՝ «հաղթահարելով վտանգավոր ապատիան եւ անտարբերությունը»:
«Ինչպես նաեւ հանրային շարժման միջոցով ազդեն կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ եւ օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»,- նշել է նա:
Համաժողովի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման Խորհրդի կազմը, ընդունվել է հայ ժողովրդին ուղղված դիմում:
«Արցախի ժողովուրդը եւ Արցախը հայտնվել են գոյաբանական լրջագույն մարտահրավերների առջեւ: Ցավալի է փաստել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն: Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետեւանքների:
Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով»,- ասված է ուղերձում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: