Ռուբեն Վարդանյան. «Եթե Արցախը կորցրեցինք, կորցնելու ենք Հայաստանը» - Mediamax.am

1828 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Եթե Արցախը կորցրեցինք, կորցնելու ենք Հայաստանը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

 

- Մոսկվայում Փաշինյան-Ալիեւ-Պուտին հերթական հանդիպումը կայացավ։ Եվ՞։

 

-Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։

 

-Դուք սպասո՞ւմ էիք, որ Բրյուսելում, Երեւանում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ա՞յլ հայտարարություն կհնչի։

 

-Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝  ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու  հետեւում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է. ցավոք, հերթական անգամ մենք տապալել ենք բանակցությունները։

 

- Հայաստանի վարչապետի՝ մայիսի 22-ի հայտարարությանն արձագանքեցիք նաեւ Դուք։ Շատերը դա համարում են Արցախի դատի վախճանը։ Դու՛ք ի՞նչ կարծիքի եք։

 

-Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝  ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար եւ ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը  պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները եւ այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։

 

 

Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ,  եւ երբ ընտրվել է 2021-ին։

 

-Արցախից իշխանությունները պատասխանեցին, դրան էլ հավանաբար տեղյակ եք։ Ե՞վ։

 

-Բացի հայտարարություններից պետք են քայլեր, ինձ թվում է՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավախքում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում եւ Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջեւ։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, եւ չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:

 

- Գործողություններ ակնկալում եք Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից։

 

-Ե՛վ Արցախում, եւ՛ Հայաստանում: Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երեւի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ եւ իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ եւ ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը։

 

- Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի։

 

- Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետեւ շատ կարեւոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետեւանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձեւը գտնենք:

 

Քաղաքականության մեջ, այո, հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ, բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետեւ եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետեւանքները.. Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիեւը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին