Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին - Mediamax.am

813 դիտում

Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ «իրենց համար անընդունելի է երկրի ինքնիշխանությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն եւ փաստաթուղթ»։

«Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու:

 

Իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, եւ Արցախի իշխանությունները կատարում եւ կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ»,- իր ուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որեւէ գործողությունից ու հայտարարությունից.

 

«Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի խոցելի վիճակը՝ ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների եւ գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու մեզ ճնշելու միջոցով Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի եւ անթույլատրելի ենք համարում:

 

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսեւորվել է անկախության եւ սահմանադրական հանրաքվեներով:

 

Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ եւ Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին»:

 

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքին՝ նա նշել է, որ վերջին օրերին կատարվել են լարվածություն առաջացնելու փորձեր.

 

«Ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը:  

 

Արցախի կառավարումը կարող է իրականացվել բացառապես երկրի Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաեւ՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները:

 

Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձեւավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է»:

 

Նա նշել է, որ բարենպաստ պայմանների առկայության դեպքում պատրաստ է հրաժարական տալ եւ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպել, որին ինքը չի մասնակցի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին