Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ շարունակելու է աշխատանքները Արցախում՝ «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության միջոցով:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր նպատակը չի փոխվել. պետք է ամեն ինչ անել անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախ ունենալու համար։
«Շատերի համար պայքարը պատերազմ է: Իմ ընկալմամբ՝ պայքարն այն է, երբ ճիշտ ես գնահատում քո ուժեղ ու թույլ կողմերը, գիտես՝ ինչ պետք է անել այդ թույլ կողմերից բխող վտանգը նվազագույնի հասցնելու, իսկ ուժեղ կողմերն ամրապնդելու ու ճիշտ օգտագործելու համար: Իմ համար պայքարը դա է՝ ամեն առավոտ արթնանալով, ինքդ քեզ հարց տալ՝ ի՞նչ ես արել այդ ուղղությամբ»:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առանձնացվել է պայքարի 8 ուղղություն, որոնց թվում են.
Սուբյեկտայնության ամրապնդումը,
Անվտանգության ու պաշտպանական, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության հուսալի համակարգի ստեղծումը,
Կենսունակ տնտեսական համակարգի ստեղծումը,
Հիբրիդային պատերազմի դիմակայումը,
Որակյալ ու մրցունակ կրթական համակարգը:
«Մեր առջեւ կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար», - շեշտել է նա:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թափանցիկությունն իր կողմից որդեգրվել էր որպես հիմնական սկզբունք, քանի որ թափանցիկ գործելաոճն է արդարության հիմքը.
«Մնալով Արցախում՝ ես շատ հետեւողական եմ լինելու, որպեսզի այդ սկզբունքները պահպանվեն»:
Այս համատեքստում նա անդրադարձել է սոցիալական նոր արտոնություններ (կոմունալ վճարումների եւ այլնի մասով) տրամադրելու շուրջ քննարկումներին՝ նշելով, որ նման որոշումների կայացումը պետք է լինի թափանցիկ, հանրությունը պետք է տեղեկանա, թե ինչ միջոցների հաշվին է դա իրականացվելու՝ հատկապես այն դեպքում, երբ բյուջեն հաստատվել է պակասուրդով, իսկ նախորդ սոցիալական ծրագրերն ու պարտավորությունները դեռեւս չեն կատարվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: