Ռուբեն Վարդանյան. Պատրաստ եմ կրկին պատասխանատվություն վերցնել - Mediamax.am

1692 դիտում

Ռուբեն Վարդանյան. Պատրաստ եմ կրկին պատասխանատվություն վերցնել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին:

 

- Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները:

 

- Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ:

 

– Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ:

 

- Նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ու ինքնուրույնության խաթարմանը վերաբերող ամեն ինչ անընդունելի է իր եւ ողջ ժողովրդի համար: Այս իմաստով մեզ մոտ կարմիր գծերը համընկնում են: Եվ սա կարեւոր է այն առումով, որ  վերջին ամիսներին ավելի հստակ ու պարզ դարձավ, որ կան բաներ, որոնք իսկապես անընդունելի են ողջ արցախահայության, ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար:

 

- Դուք մնում եք պաշտոնանկությունից հետո, ի՞նչ դերում եք Ձեզ հիմա տեսնում:

 

-  Ես Արցախ տեղափոխվելու մասին հայտարարեցի ավելի վաղ, քան պետական պաշտոն ստանձնելը:  Մենք ստեղծել ենք «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունը, որն ուղղված է տարբեր ոլորտներում մեծաթիվ ծրագրերի իրականացման շուրջ ջանքերի համախմբմանը: Մենք ունենք նաեւ «Արցախի զարգացման եւ անվտանգության ճակատ» շարժումը, որը համախմբում է բազմահազար մարդկանց՝ երիտասարդներից  մինչեւ ավագ սերունդ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Այնպես որ, գործունեության դաշտը հսկայական է:

 

- Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան առաջիկա տարիներին:

 

- Այս տարվա փետրվարին լրացավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարի  35 տարին: Այդ 35 տարիների ընթացքը շատ տարբեր ու բարդ է եղել: Բայց ամենակարեւոր բանը չի փոխվել: 1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը քվեարկել է Ադրբեջանական ԽՍՀ-ի  կազմից դուրս գալու օգտին, եւ նրանց այդ դիրքորոշումը չի փոխվել:

 

Նրանք պայքարում են իրենց անկախության համար, իրենց օրենքներով, իրենց ավանդույթներով իրենց հողի վրա ապրելու իրավունքի համար: Այդ ճանապարհը շատ երկար է, կարող է եւ տասնյակ տարիներ շարունակվել, բայց գլխավոր նպատակը չի փոխվել ու չի փոխվելու: Մինչեւ այն պահը, քանի դեռ Արցախը չի դարձել ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, կարծում եմ, պայքարը չի դադարելու:

 

- Հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը քաղաքական գործունեության, թե՞ դա արդեն անցած էտապ է:

 

- Երբ պետությունը շրջափակման մեջ է, երբ չկա լույս, գազ, տարրական դեղորայք եւ այլ բաներ, դա արդեն քաղաքականության մասին չէ, դա արդեն հայրենիքը փրկելու մասին է: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, պարզապես ամեն օր քո գործով փորձում ես օգնել մարդկանց՝ երեխաների, տարեցների: Այդ առումով ես իմ պաշտոնը ոչ մի կերպ որպես քաղաքական չեմ ընկալել:

 

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի եւ քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: Ուստի ես չունեմ զգացողություն, որ մտել էի քաղաքականություն:

 

Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել եւ որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում:

 

Ես մեծ պատասխանատվություն էի վերցրել: Ես դրանից չեմ վախենում եւ պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել, դա այդպես է: Եվ համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով՝ պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին