«Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա» - Mediamax.am

2875 դիտում

«Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա»


Լուսանկարը` ԱԽ գրասենյակի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ «այս պահին քննարկվող խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն այն դեռ վերջնական չէ, քննարկումներ են ընթանում»:

«Հայկական կողմն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի իր առաջարկների պատասխանները, աշխատում է դրանց շուրջ: Հնարավորինս շուտ, կարծում եմ, այդ տեքստը պատրաստ կլինի, ու կփոխանցենք ադրբեջանական կողմին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։

 

Նա նշել է, որ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ:

 

«Հայաստանն աշխատում է իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա: Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումները լինեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության, իրավունքների շուրջ։ Պետք է նաեւ հասկանալ, թե որոնք են այն մեխանիզմները, որոնք երաշխավորում են անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է ԱԽ քարտուղարը:

 

Անդրադառնալով Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տեղակայվելիք Եվրամիության դիտորդական առաքելությանը՝ Արմեն Գրիգորյանն ասել է.

 

«Արեւմուտքը մեզ որեւէ բան չի պարտադրել։ 2021թ. մայիսին եւ նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումներ են եղել, տարածքի օկուպացիա է տեղի ունեցել եւ այդ վտանգը պահպանվում է։

 

Սպառնալիքը չեզոքացնելու համար անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ աշխատում ենք։ Հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը՝ որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով:

 

Մոսկվայի մեր գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն։ Հարցերը քննարկում ենք եւ ներկայացնում հայկական կողմի մոտեցումները, բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին