Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու»:
Այդ մասին նա ասել է «Արցախ. 44-օրյա շրջափակում» հեռավար հավաքի ժամանակ, որին մասնակցել են շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից:
«Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետեւ տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, եւ ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետեւ արժանապատիվ ապրելու ձգտումը եւ սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:
Արցախի եւ արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի համար է կարեւոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:
















