Փաշինյանի մի շարք պնդումներ Արցախում մտահոգություններ են առաջացրել - Mediamax.am

3297 դիտում

Փաշինյանի մի շարք պնդումներ Արցախում մտահոգություններ են առաջացրել


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք պնդումներ եւ տեսակետներ Արցախում «առաջացրել են մտահոգություններ»:

Այդ մասին ասվում է այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ:

 

Փաստաթղթում ասվում է.

 

«Ադրբեջանի նախագահի՝ հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսեւորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի:

 

Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ եւ տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության եւ իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

 

Մենք գիտակցում ենք բոլոր այն հետեւանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից եւ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որեւէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից:

 

Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները եւ նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:

 

Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները վստահ են, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի եւ եղբայրների կայացրած որոշմանը, եւ ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին