Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ձեռներեց եւ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ անկախ նրանից՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը վատ է, թե ոչ, «ամեն ինչ պետք է անենք, որ անտարբերությունը, ատելությունն ու իրար չհասկանալը չլինի»։
Ներկայացնում ենք Ստեփանակերտում Ռուբեն Վարդանյանի մամուլի ասուլիսի առավել ուշագրավ հատվածները:
Արցախի հետ կապը
Մենք ամեն ինչ անելու ենք՝ Հայաստանում ապրողները գան տեսնեն Արցախը՝ երեխաներից սկսած, մինչեւ ծնողներ, որ տեսնեն, թե որ հողի համար են մարդիկ իրենց կյանքը տվել: Նույն կերպ ամեն ինչ անելու ենք, որ արցախցիները չմտածեն, թե մենակ են այստեղ։
Թշնամին քայլ առ քայլ իր գործն անում է։ Պետք է հասկանանք, վերլուծենք ու պայքարենք։ Ամեն ձեւով պետք է պաշտպանենք, որ ճանապարհը շարունակի գործել, որ Արցախի հետ Հայաստանի կապն ուժեղանա, ոչ թե կորի։
Այնպես չէ, որ ամենավատ վիճակը մերն է, պետք է նայենք մյուս երկրների ամենալավ փորձը եւ փորձենք այն իրականացնել Արցախում ու Հայաստանում։
Երկարաժամկետ խաղաղություն
Աշխարհում չկա ոչ մի երկիր կամ ինստիտուտ, որ կարող է ապահովել անվտանգությունը կամ խաղաղությունը, ասելով՝ «վերջ, ամեն ինչ լավ է լինելու»։ Ցավոք, մտել ենք մի դարաշրջան, ինչպես 1914-1945 թիվը, երբ աշխարհը փոխվում է։ Նման շրջաններում հաճախ լինում են մեծ պատերազմներ ու զոհեր։ Հիմա լուրջ անհանգստություն կա եւ մարդկանց մի մասը մտածում է, որ համաշխարհային պատերազմի շանսը մեծ է։
Արցախի անկախության մասին
Արցախի անկախության լեգիտիմացումը, որ պետք է ընդունվի համաշխարհային տարբեր կազմակերպությունների կողմից, երկար ճանապարհ է, եւ դա պետք է անել շատ պրոֆեսիոնալ, քայլ առ քայլ, պահանջվում է մեծ աշխատանք ու ժամանակ։
Այնպես չէ, որ մարտի դաշտում պարտվեցիր ու վերջ, կարող ես տարբեր ձեւերով անվերջ պայքարել։ Եթե բոլորս գիտենք, թե պատերազմի դեպքում ով ուր է գնալու, ինչ է անելու, պատրաստված ենք, գիտենք, որ ոչ թե զինվորներն ու սպան են մեզ պաշտպանելու, այլ մենք բոլորս ենք` ապա պատերազմ չի լինի։
Արցախում մնալու մասին
Ես աշխարհի մարդ եմ եւ տարբեր երկրներում նախագծեր ունեմ, բայց այս իրավիճակում ժամանակիս մեծ մասն անցկացնելու եմ Արցախում։ Նոյեմբերից ավելի հստակ կլինի, որովհետեւ մինչեւ հոկտեմբերի վերջ նախապես գծված ծրագրեր, պայմանավորվածություններ ունեմ։ Անելու եմ ամեն ինչ, որ մարդիկ այստեղ գան, ովքեր չեն գալիս Արցախ, գան Գորիս, որ տեսնեն՝ ինչ սքանչելի երկիր է Արցախը, ինչ կարեւոր է Սյունիքը բոլորի համար։
Փորձելու եմ շատ ժամանակ անցկացնել Արցախում ու Հայաստանում: Բայց ես այն հազվագյուտ մարդկանցից եմ, որ կարող եմ Արցախի ու Հայաստանի մասին պատմելով՝ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել։ Դրա համար կարեւոր են մեր ծրագրերը ինֆորմացիոն, կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների, մշակույթի դաշտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ զբոսաշրջության ստեղծելու ծրագրերի հարցում։
Հավատքն ու հավատը ամենախորքային խնդիրն են
Կամ մենք հավատում ենք, որ այս մարդիկ հայրենասեր են, կամ մենք սխալվում ենք: Հայաստանում եւ Արցախում ունենք սուտ հայրենասերներ: Չգիտենք «Հայր մերը», եկեղեցի չենք գնում, բայց ասում ենք՝ առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիքն ենք կարեւորում, բայց ընտանիքը քանդվում է, ասում ենք, որ հայերենն ամենակարեւոր լեզուն է, բայց հայերեն չգիտենք, պետությունը կարեւորում ենք, բայց որքան պետությունը թույլ է, այնքան մեզ ավելի լավ է: Այս բոլորը պետք է կոտրել:
Ինձ համար առաջնահերթն է, որ մարդիկ հավատան, որ Արցախում կա ապագա: Կարեւորը մարդն է, կրթությունը: Հայաստանում եւ Արցախում IT ոլորտն այսօր շատ բան է փոխում:
Հանգիստ աշխատում եմ
Ես պատժամիջոցների տակ չեմ, հանգիստ աշխատում եմ, պտտվում եմ աշխարհով մեկ:
Եթե ես ցանկանայի «սանկցիաներից» ազատվել, կգնայի այլ երկիր, ոչ թե՝ Արցախ: Եթե հնարավորություն ունենայի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից եւ ապրեի միայն Արցախի անձնագրով, դա էլ կանեի: Ես Արցախի անձնագիր ունեմ 2016 թվականից եւ կարող եմ շատ հանգիստ նայել արցախցների աչքերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: