Արցախի նախագահ. Ջրամատակարարման հարցի շահարկումներն անհիմն են - Mediamax.am

1161 դիտում

Արցախի նախագահ. Ջրամատակարարման հարցի շահարկումներն անհիմն են


Լուսանկարը` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանձնարարել է կարճ ժամանակահատվածում սկսել եւ ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաեւ Պատարա գետից դեպի Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։

Այս մասին Արցախի նախագահն ասել է Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

 

Նրա խոսքով՝ ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը, ինչպես նաեւ կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու եւ ոռոգման ջրի հարցը։

 

«Հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ եւ ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու անընդունելի»,- ասել է նա:

 

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ջրամատակարարման համակարգում խափանումները պայմանավորված են նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաեւ՝ 2020թ․պատերազմի հետեւանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։

 

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը եւ խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաեւ օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման եւ նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ՝ արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին