Արցախի վտանգված ժառանգությունը՝ ամրոցներ, կամուրջներ, եկեղեցիներ… - Mediamax.am

2068 դիտում

Արցախի վտանգված ժառանգությունը՝ ամրոցներ, կամուրջներ, եկեղեցիներ…


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահե Գաբրիելյանը
Վահե Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արցախի հարյուրավոր լուսանկարներ Վահե Գաբրիելյանն արել է տարբեր տարիներին, երբ աշխատանքային այցով կամ հատուկ լուսանկարելու նպատակով Արցախում էր լինում։ Դրանց մի մասը՝ մոտ 700 լուսանկար, ընդգրկվել էր դեռ 2011 թվականին լույս տեսած «Արցախ՝ Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» գրքում։ Մի մասն էլ ներկայացրել է Երեւանում եւ Ստեփանակերտում կազմակերպված «Արցախ» ցուցահանդեսում։ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենը երբեք չէր պատկերացնի, որ մի օր այդ ու դրանից հետո տասը տարում արված այլ լուսանկարներ ցուցադրելու է «Վտանգված ժառանգություն» խորագրի ներքո։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խոսքը ոչ թե տասնյակ կամ հարյուր, այլ հազարավոր մշակութային օբյեկտների մասին է։ Ցավոք, շատ արժեքավոր հուշարձաններ են վտանգված»։

 

Երեւանի քաղաքապետարանի շենքում բացված ցուցահանդեսում իրականությունը բաժանված է՝ 2020-ի պատերազմից առաջ եւ հետո. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը՝ կանգուն ու ռմբակոծված, Կանչ ժամը՝ նորոգ, ապա՝ քանդված գմբեթներով, Մեխակավանի եկեղեցին՝ հիմնովին ավերված, Վազգեն Սարգսյանի արձանը եւ Թալիշում գտնվող երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանը՝ պղծված։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցուցահանդեսում դիտավորյալ ընդգրկել եմ Արցախի թանգարանները, որոնց մի մասն իրենց նմուշներով ամբողջովին անցել են Ադրբեջանին, թալանվել, չգիտեմ՝ ինչ ճակատագրի արժանացել։ Շուշիի երկրաբանության եւ կերպարվեստի թանգարանները, որոնք ստեղծվել էին ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, Արցախ ապրելու տեղափոխված Գուրգեն Գաբրիելյանցի անձնական անգնահատելի հավաքածուների հիման վրա եւ նրա ջանքերով, թալանված են։ Թալանված են նաեւ Հայկական դրամի թանգարանը, որը բացվել էր 2018 թվականին, Շուշիի արվեստի կենտրոնը, Շուշիի պատմության թանգարանը։ Հադրութի թանգարանն ամբողջովին մնաց նրանց, Քաշաթաղի թանգարանը մերն է, բայց չի գործում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազոխի եւ Քարինտակի քարանձավներն իրենց նախապատմական պեղածոներով, բնապատկերներ, Տիգրանակերտը՝ նախաքրիստոնեական մշակույթով, վաղ քրիստոնեական հուշարձանները, Շուշիի մահմեդական ժառանգությունը, մելիքական ապարանքները… Վահե Գաբրիելյանն ասում է՝  բացառիկ հարստություն կորցրեցինք, կարեւոր վկայություններ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցուցահանդեսում ընդգրկել ենք ամրոցների լուսանկարներ, որովհետեւ ամրոցները շատ կարեւոր են պետականության համար. զինված ուժ, բանակ, ինքնիշխանություն են ենթադրում։ Պետության, պետականության, աշխույժ տնտեսության մասին են վկայում նաեւ կամուրջները։ Դրանց առկայությունը ցույց է տալիս, որ առեւտուր է եղել, փակված չեն ապրել, անցուդարձ, աշխուժություն է եղել։

 

Արցախում կան 100-ից ավելի ամրոցներ, 100-ից ավելի կամուրջներ, եկեղեցիների ստույգ թիվը նույնիսկ կդժվարանամ նշել։

Վահե Գաբրիելյանը Վահե Գաբրիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առանձնահատուկ ուշադրություն է նվիրված այն եկեղեցիներին եւ վանքերին, որոնք անցել են Ադրբեջանի հսկողության տակ՝ Դադիվանք, Շուշիի եկեղեցիներ, Գտչավանք, Ծիծեռնավանք, Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի, Ավետարանոցի Կուսանաց Անապատ, Վանքասարի եկեղեցի եւ այլն: Ցուցադրված են նաեւ հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Ամարասը, որ վտանգված է ադրբեջանական զինուժի մոտիկությունից, Գանձասարը եւ այլ արժեքներ, որոնք հայոց ստեղծագործ տաղանդի եւ հոգեւոր հարստության վկայություններ են եւ շարունակական սպառնալիքի տակ են այդպիսի հարեւան ունենալու պատճառով: Արցախը ցույց է տրված իր հարուստ հոգեւոր եւ մշակութային ժառանգության հնարավորինս լայն ներկապնակով»:

 

Պատերազմից հետո Վահե Գաբրիելյանն Արցախ չի գնացել՝ ծանր է։ Մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ի ու այսօրվա Արցախի հակադրությունն ընդգծելու համար ցուցահանդեսում օգտագործել է Մայր Աթոռի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի արխիվային, նաեւ՝ անհատ լուսանկարիչների լուսանկարներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսը ԱԳ նախարարի նախաձեռնությամբ ստեղծված մշակութային դիվանագիտական հարթակի առաջին միջոցառումն է։ Լուսանկարներից բացի ցուցադրված են «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մի քանի ձեռագրեր, մինչեւ 1920 թվականը Շուշիի տպարաններում հրատարակված հոգեւոր եւ աշխարհիկ գրքեր: Արցախյան մի քանի գորգեր էլ Շուշիի գորգերի թանգարանի տնօրենն է հատկացրել իր անձնական հավաքածուից:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հասկանալի է, որ մենք լիարժեք կարող ենք պաշտպանել մեր ունեցածը, եթե դա մեր ինքնիշխանության եւ մեր զինված ուժերի հսկողության տակ է։ Մնացած դեպքերում 100 տոկոսանոց որեւէ երաշխիքի մասին խոսել, դժբախտաբար, չենք կարող, որովհետեւ միջազգային հանրության գործիքները սահմանափակ են։ Բայց այն, ինչ կա, պարտավոր ենք օգտագործել լավագույնս եւ ամբողջովին, մինչեւ ամբողջ աշխարհին լսելի եւ հասանելի դարձնենք, որ այդ ժառանգությունը մերն է, մեր նախնիներն են ստեղծել, մեր պետականությունն է, մեր ինքնությունն է, եւ պետք է պաշտպանվի։ Եթե անգամ պաշտպանելու միջոցները կատարյալ չեն, չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած պիտի նստենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը շրջիկ է լինելու: Արցախի վտանգված ու արդեն անդառնալի կորուստներ կրած ժառանգությունը կներկայացվի արտերկրում: Լուսանկարների հեղինակը վստահ է, որ Արցախը ճանաչելու կարիք ունեն նաեւ հայաստանցիները:

 

«Մեզնից շատերն այս ամենից տեղյակ չեն։ Բոլորիս պարտքն է լինել Արցախում, ճանաչել Արցախը։ Դիվանագետների պարտքը կրկնակի ու եռակի է, պետք է լավագույնս իմանան Արցախը։ Ամեն տարի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին տանում էինք Արցախ, ծանոթացնում Արցախի թե՛ քաղաքական եւ տնտեսական իրողություններին, թե՛ մշակութային եւ հոգեւոր ժառանգությանը, որովհետեւ դիվանագետները պետք է շատ լավ իմանան՝ ինչ են պաշտպանում։ Որպես  քաղաքացի պարտք ունենք, իսկ որպես դիվանագետ մեր պարտքն առավել եւս մեծ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանի քաղաքապետարանի շենքում ցուցահանդեսը գործելու մինչեւ մայիսի 6-ը:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին