Միջնորդները քաղաքական երկխոսությունը վերսկսելու կոչ են արել - Mediamax.am

1920 դիտում

Միջնորդները քաղաքական երկխոսությունը վերսկսելու կոչ են արել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին հիշեցրել են «լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին՝ առկա խնդրահարույց հարցերի լուծման եւ ամուր խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման համար»:

«Այդ հարցերը, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համաձայն, արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակությանը, Լեռնային Ղարաբաղ այցելությունների արգելքի վերացմանը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը եւ պաշտպանությանը, համայնքների միջեւ ուղիղ շփումներին եւ համագործակցությանը», - ասված է ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի միջնորդների հայտարարության մեջ:

 

Համանախագահներն ընդգծել են, որ «հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերջնական համապարփակ եւ կայուն կարգավորմանը՝ կողմերին քաջ հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա»:

 

«Այս կապակցությամբ համանախագահները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց առաջարկությունը ուղիղ երկկողմ խորհրդատվությունների կազմակերպման մասին, որպեսզի կողմերը կարողանան առանց նախապայմանների համատեղ դիտարկել եւ համաձայնեցնել կանոնակարգված օրակարգը, որը կարտացոլի նրանց առաջնահերթությունները», - ասված է հայտարարության մեջ:

 

Համանախագահներն ընդգծել են, որ պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները՝ իրենց գնահատման եւ միջնորդական գործառույթներն իրականացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին