Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է Արցախում շուրջ 110 մլրդ դրամի բնակարանաշինության եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու որոշման մասին:
Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում նա առաջարկել է ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով եւ ֆինանսավորել հետեւյալ համամասնությամբ՝ այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 մլրդ դրամ եւ Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 մլրդ դրամ:
«Այսօր քննարկելու ենք անվտանգային միջավայրին եւ ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է. «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, եւ առաջիկա ամիսների ընթացքում եւս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք»
















