Համանախագահները կոչ են արել բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ - Mediamax.am

2145 դիտում

Համանախագահները կոչ են արել բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ


Լուսանկարը` https://russiaeu.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանն եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղական Ստիվեն Բիգենն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել ամբողջապես իրագործել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

 

Համանախագահները նշում են ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու նպատակով Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված միջոցների կարեւորությունը: Նրանք տարածաշրջանից բոլոր օտարազգի վարձկանների լիարժեք եւ արագ դուրս բերման կոչ են անում:

 

Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան գործելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես, ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցում: Նրանք կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ներառյալ վերջին ռազմական գործողությունները, հետեւանքով տեղահանված անձանց կամավոր եւ անվտանգ վերադարձի երաշխավորումը: Նրանք կարեւորում են Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ պատմական եւ կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը», - ասված է հայտարարության մեջ:

 

«Համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում օգտվել հաստատված հրադադարից եւ բանակցություններ վարել երկարատեւ եւ կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո: Այս համատեքստում համանախագահ երկրները կոչ են անում ընդունել համանախագահներին տարածաշրջանում առաջին իսկ հնարավորության դեպքում եւ բովանդակային բանակցությունների հանձնառություն ստանձնել», - նշել են  Լավրովը, Լը Դրիանն ու Բիգենը:

 

Նրանք նշել են, որ «չլուծված առանցքային բովանդակային հարցերը պետք է կարգավորվեն հիմնարար սկզբունքների եւ տարրերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են Հայաստանին եւ Ադրբեջանին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին