Փաշինյան. Հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է - Mediamax.am

1046 դիտում

Փաշինյան. Հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»:

Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Երեւանում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

 

«Մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը եւ նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների եւ քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաեւ ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ասել է, որ պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե Հայաստանը, թե Արցախը, եւ պետք է համատեղ աշխատել դրանք ապահովելու ուղղությամբ:

 

Արայիկ Հարությունյանն ասել է, որ հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ վերադարձել է Արցախ եւ հոսքը շարունակվում է:

 

«Առաջիկա օրերին մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 000 դրամ: Այս եւ մյուս ծրագրերը լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը»,- ասել է նա:

 

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջին փուլում կիրականացվեն այն մարդկանց տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն Արցախում մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են բնակարաններից, կտեղափոխվեն փուլային տարբերակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին