Ըստ Ալիեւի, Լավրովն օգտվել է «ասեկոսեներից» - Mediamax.am

Փետրվար 22, 2026
14807 դիտում

Ըստ Ալիեւի, Լավրովն օգտվել է «ասեկոսեներից»


Լուսանկարը` https://regnum.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում 2 հազարից ավել վարձկան կա Մերձավոր Արեւելքից:

Ըստ Սիվիլնեթի, իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, Ալիեւն ասել է.

 

«Ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն եւ գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած տեղեկատվությունից եւ ասեկոսեներից։ Ավելի քան մեկ ամսվա ընթացքում մեզ ոչ մի ապացույց, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի փաստարկ չի տրամադրվել։ Միայն հայտարարություններ։ Ուրեմն ինչու նրանք այն ժամանակ չեն տեսնում հայկական կողմում տեղի ունեցածը, քանի վարձկաններ են կռվում նրանց կողմից։ Ինչու մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան այդ մասին ոչինչ չեն ասել»։

«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են կանգնում, ապա դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է դուրս գան միջնորդությունից։ Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեղադրում են մեզ վարձկանների հետ կապված, թե ինչ են արել աշխարհի տարբեր անկյուններում, ապա դա շատ երկար խնդիր կլինի։ Մենք դա չենք անում։ Այդ պատճառով էլ գործընկերներից նույն բանն ենք ակնկալում»,- ասել է Իլհամ Ալիեւը։

 

Ադրբեջանի նախագահը նաեւ Ռուսաստանին մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու մեջ։

 

«Ինչո՞ւ նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք»,- ասել է նա։

 

 




Մեր ընտրանին