Կանադայի եւ Հունաստանի ԱԳ նախարարները կքննարկեն Արցախի խնդիրը - Mediamax.am

4288 դիտում

Կանադայի եւ Հունաստանի ԱԳ նախարարները կքննարկեն Արցախի խնդիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հունաստանի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարներ Նիկոս Դենդիասն ու Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Հունաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Աթենքում կայանալիք հանդիպման ընթացքում «շեշտադրվելու են Թուրքիայի անօրինական գործողությունները Արեւելյան Միջերկրականում, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, երկու երկների համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրաջանակում, Կանադայի եւ Եվրամիության հարաբերությունները»:

 

Հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Նիկոս Դենդիասը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր.

 

«Այսօր տեղեկացրել եմ գործընկերներից հունական մայրցամաքային շելֆում Թուրքիայի նոր անօրինական գործողությունների մասին: Նաեւ բացատրել եմ այն, ինչն ակնհայտ է. տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակները՝ Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Լիբիա, Կիպրոս, Արեւելյան Միջերկրական ծով, մեկ ընդհանուր հայտարար ունեն: Այդ ընդհանուր հայտարար Թուրքիան է:

 

Թուրքիան գործում է իբրեւ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խաթարող՝ ընդդեմ միջազգային իրավունքի, ընդդեմ Եվրոպական Խորհրդի բոլոր եզրակացությունների»:

 

Նախքան Եվրոպա մեկնելը Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հեռախոսազրույց էր ունեցել Մեվլութ Չավուշօղլուի հետ եւ «շատ հստակ» ասել է թուրք գործընկերոջը, որ Թուրքիան եւ այլ պետությունները չպետք է միջամտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

 

«Ասելիքս շատ հստակ էր՝ Թուրքիան եւ այլ պետությունները պետք է դուրս լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Մենք վճռական քննարկում ունեցանք, որի ընթացքում ես նրան վճռականորեն ներկայացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել էր Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Անկարան դատապարտել էր Կանադայի իշխանությունների որոշումը՝ պաշտպանական տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգտագործման պատճառով սառեցնելու վերաբերյալ:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Կանադային մեղադրել էր «երկակի ստանդարտների եւ ադրբեջանական հողերի 30 տարի շարունակվող հայկական օկուպացիայի փաստի անտեսման համար»:

 

«Կանադայի իշխանությունները պետք է դուրս գան հակաթուրքական շրջանակների ազդեցությունից եւ չաշխատեն նեղ քաղաքական նպատակներով»,- ասվում էր հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին