Le Monde-ի լրագրողը՝ իր կյանքը փրկած արցախցիների ու բժիշկների մասին - Mediamax.am

3544 դիտում

Le Monde-ի լրագրողը՝ իր կյանքը փրկած արցախցիների ու բժիշկների մասին


Լուսանկարը` voanews.com


Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունու շրջանում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված ֆրանսիացի լրագրողներից Ալան Կավալն այժմ ապաքինվում է Փարիզի La Pitié Salpétriére հիվանդանոցում: Արցախում նրա վիճակը գնահատվում էր ծանր, Մարտունիում եւ Ստեփանակերտում արված մի քանի վիրահատությունների արդյունքում հաջողվել է փրկել նրա կյանքը:

 

Ալանը հոկտեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ու շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իր կյանքը փրկելու համար արել են անհնարինը: Լրագրողը հիշատակում է իրեն արագ հիվանդանոց տեղափոխած Մարտունու բնակիչներին ու Մարտունու հիվանդանոցի բժիշկներին, որոնք իրենց քաղաքին ուղղված ռմբակոծությունների թեժ պահին փորձել են փրկել երկու օտարերկրյա քաղաքացիների կյանքը: Նա նաեւ երախտապարտ է այն անձնակազմին, որ շտապօգնության հին մեքենայով, Մարտունու ոլորուն ճանապարհներն արագ շրջանցելով, իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց:

 

«Գիտեմ, թե ինչ հսկայական աշխատանք են կատարել նաեւ Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցներն ինձ փրկելու համար: Ես դեռ չգիտեմ նրանց բոլորի անունները, բայց խորապես երախտապարտ եմ յուրաքանչյուրին:

 

Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, որ հրապարակավ խոսեց մեր մասին եւ արեց անհնարինը մեզ տեղափոխելու համար: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ու նախարարության ճգնաժամային կենտրոնն ամեն ինչ արել են այդ ջանքերը համակարգելու համար»,- գրում է Ալան Կավալը:

 

Ֆրանսիացի լրագրողը խոստացել է՝ ապաքինվելուն պես կփորձի պատասխանել բոլորի նամակներին ու ջերմ խոսքերին, որոնք իր բուժման գործընթացի կարեւոր մաս են կազմում:

 

Ալանը գրառման մեջ նաեւ անդրադարձել է Մարտունու ռմբակոծության մանրամասներին ու պատմել այդ պահին իր հետ աշխատող թիմի անդամների մասին: Վարորդ Արմեն Սայանը վիրավորվել էր ու մինչ օրս գլխացավեր ունի: Թիմին ուղեկցող անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանին, բարեբախտաբար, ոչինչ չէր պատահել, իսկ ֆրանսիացի գործընկեր Ռաֆայել Շարլզ Յաղոբզադենը վիրավորում էր ստացել գլխի եւ ոտքի շրջանում: Իրենց թիմին ուղեկցող Մարտունու բնակիչ 28-ամյա Գրիշա Նարինյանը տեղում մահացել էր:

 

 

«Իմ մտքերն ամեն օր Գրիշայի եւ նրա ընտանիքի հետ են: Գրիշան մահացավ, քանի որ ցանկանում էր՝ աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը: Այս ռմբակոծություններից զոհված Գրիշայի եւ մյուս երեք խաղաղ բնակիչների հոգին թող հանգչի խաղաղությամբ»,- գրում է Ալանը:

 

Պատրաստել է Ամալի Խաչատրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին