ԱԳՆ. Բաքուն շարունակում է հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը - Mediamax.am

3710 դիտում

ԱԳՆ. Բաքուն շարունակում է հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը, որում տեղ են գտել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի դրսեւորումներ:

«Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն եւ մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից եւ հայ ժողովրդից բացի, ուղղվում են եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

 

Նա հատկապես մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում:

 

«Ադրբեջանի նախագահի կողմից պատմական եւ աշխարհագրական նոր «հայտնագործություններով» ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձեւավորելու եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:

 

Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:  

 

Սեփական լեգիտիմությունը հարեւան ժողովրդի հանդեպ ատելության եւ միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են եւ կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը եւ անվտանգությունը»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին