Փաշինյանը պատմել է, թե ինչ հարցեր են քննարկում Ալիեւի հետ - Mediamax.am

Դեկտեմբեր 22, 2025
4296 դիտում

Փաշինյանը պատմել է, թե ինչ հարցեր են քննարկում Ալիեւի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նույն օրը Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման մասին:

Ներկայացնում ենք վարչապետի ելույթի այդ հատվածը.

 

«Դրական եմ գնահատում նախագահ Ալիեւի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարեւոր է, որ սկսվել է մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների եւ այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում եւ հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում: 

 

Հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ, որ նախագահ Ալիեւն էլ հանդիպումը դրական կգնահատի: 

 

Ուզում եմ մի նրբության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Կարեւոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ եւ հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում: 

 

Սկսվել է խոսակցություն եւ կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում: Հակամարտությունն ունի խորն արմատներ եւ ամենակարեւոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է եւ կարեւոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել,  հասկանալ: 

 

Կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որ հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը: Կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններում, շփման գծում լինի կայուն իրավիճակ: Կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անել, որ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվել գյուղաշխատանքով` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն: 

 

Պետք է հասկանալ` մենք կարող ենք արդյո՞ք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել: Կան երկու կողմերի քաղաքացիներ եւ պետք է հասկանալ, կարո՞ղ ենք փորձել ընտանիքների հետ հանդիպումներ կազմակերպել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների անդամների հետ շփվելու հնարավորություն ունենան, կարո՞ղ ենք արդյոք հանձնարարել մեր արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը` հասկանալու համար խնդրի էությունը: 

 

Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք: Բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաեւ դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական է, կամ ոչ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին