Մեր դիրքերը Արցախի հարցում կամրանան, կարծում է Փաշինյանը - Mediamax.am

8143 դիտում

Մեր դիրքերը Արցախի հարցում կամրանան, կարծում է Փաշինյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները «լրջորեն կամրացնեն Հայաստանի դիրքերը ԼՂ բանակցային գործընթացում»:

Այդ մասին նա ասել է Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը:

 

«Ղարաբաղի հարցը կարեւորագույններից մեկն է: Ակնհայտ է, որ բանակցություններն ու կարգավորումը պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այն հռետորաբանությունը, որ օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ որպես պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, իսկ վերջին օրերին ասում է, որ վարչապետ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս չի գա այդ միությունից: 

 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իսկապես դեմ է եղել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, սակայն այսօր այդ անդամակցությունը կայացած փաստ է, որի հետ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի: Այլ բան է, ասել է վարչապետի թեկնածուն, որ ԵԱՏՄ եւ այլ ինտեգրացիոն գործընթացներում առկա խնդիրները կարող են եւ պետք է քննարկվեն:

 

Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է ճշգրտել փոխադարձ դաշնակցային պարտավորությունները ռազմական անվտանգության ոլորտում, ինչը թույլ կտա ճիշտ ձեւակերպել փոխադարձ ակնկալիքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին