Զանիեր. պայմանավորվածությունները պետք է իրագործվեն - Mediamax.am

Հոկտեմբեր 05, 2025
exclusive
4986 դիտում

Զանիեր. պայմանավորվածությունները պետք է իրագործվեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր ասել է, որ, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կրկին վատթարանա, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են կողմերը:

ԵԱՀԿ Նախարարական խորհրդի ընթացքում կայացած ասուլիսում պատասխանելով Մեդիամաքսի թղթակցի հարցին` Լամբերտո Զանիերն ասել է, որ իրավիճակն այժմ էլ մտահոգիչ է:

 

«Նույնիսկ կայունացումից հետո ծանր զինատեսակներ են կիրառվում, ինչի հետեւանքով կան տուժողներ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը:

 

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ է ներկայացրել, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, այն է` ուժեղացնել ԵԱՀԿ դաշտային առաքելությունը, ավելացնել դիտորդների թիվը, ներդնել պատահարների հետաքննության մեխանիզմը:

 

«Բայց հիմնական հարցն այն է, որ առաջընթացը հնարավոր է միայն կողմերի ցանկությամբ: Մենք չենք կարող որոշում պարտադրել, այլ կարող ենք միայն աջակցել այդ գործընթացին: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել համանախագահ-երկրների երեկվա հայտարարության կարեւոր մի դրույթի վրա. եթե տեղում իրավիճակը վատթարանա, դա կլինի միմիայն կողմերի պատասխանատվությունը, որոնք չեն օգտվել առաջընթացի հնարավորությունից»,- ասել է Զանիերը:

 

Նրա խոսքով, ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրագործվեն, հակառակ դեպքում կա վտանգ, որ իրավիճակը ավելի կվատթարանա, ինչը չի բխում կողմերի շահերից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին