Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջավոր դիրքեր:
Զինծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին ՀՀ վարչապետը պարգեւատրել է ժամացույցներով: Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին:
Ինչպես երեւում է կառավարության մամուլի ծառայության տրամադրած լուսանկարներից, վարչապետը կրակել է ինքնաձիգից եւ տանկ է նստել:
Դիմելով զինծառայողներին` վարչապետը նշել է.
«Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում եւ հաղթանակած բանակի ներկայացուցիչներն եք: Պետք է շարունակեք այն ավանդույթները, որ դրել են ձեր ծնողները` հաղթելով Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարում: Այսօր ձեր խնդիրն է պահպանել այն նվաճումները, որ ունենք եւ օր օրի ավելացնել մեր բանակի մարտունակությունը»:
Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին` ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է:
Այսօր Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: