ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Միջնորդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ պնդելով 1994-1995 թթ.-ին կնքված զինադադարի համաձայնագրի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:
«Հանդիպման ընթացքում նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման եւ հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ իրենց հանձնառությունը: Նրանք համաձայնել են հնարավոր կարճ ժամկետում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը: Նախագահները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի առաքելության ընդլայնմանը»,- ասված է միջնորդ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Վիեննայում համաձայնել են նաեւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հովանու ներքո շարունակել տվյալների փոխանակումը անհայտ կորած անձանց հայտնաբերման համար:
Նախագահները համաձայնել են հանդիպել հունիսին՝ փոխադարձ համաձայնեցված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: